18/09/2014 20:09
Նարինե Գրիգորյանը՝ միայնակ կնոջ դեր խաղալու և միջազգային փառատոնների մասին
Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նկարահանվում է ռեժիսոր Լուսինե Սարգսյանի նոր ֆիլմում, որը կոչվում է «Թափանցիկ տանիքներ», սցենարիստը Լիլիթ Արզումանյանն է: Life.panorama.am-ին դերասանուհին տեղեկացրեց, որ ինքը մարմնավորում է երեք գլխավոր հերոսուհիներից մեկին, ով երեսունն անց կին է, չի ամուսնացել, երազում է երեխա ունենալու մասին. «Այդ կինը միայնակ է, սիրո, տղամարդկային թիկունքի կարիք ունի»,-մեկնաբանեց նա: Ֆիլմը, հավանաբար, էկրաններին կհայտնվի հաջորդ տարի:
Նարինեն նաև հայտնեց, որ Համազգային թատրոնում բեմադրել է Դանիիլ Խարմսի գործերից մեկը: «Լյու-բով» ներկայացման համար նա արդեն հրավեր է ստացել Մոսկվայից, ուր թատրոնի անձնակազմը կմեկնի հոկտեմբերին:
Նրա մասնակցությամբ մեկ այլ՝ ջրի կաթիլի մասին պատմող «Դզին» ներկայացումը նոյեմբերին Գերմանիայում կընդգրկվի տասնօրյա փառատոնում:
Իսկ «Ագորա» թատրոնում հոկտեմբերին կլինի պրեմիերա՝ «Պանդա արջերի պատմությունը» պիեսի հիման վրա. «Թվում է, թե իմ կերտած կերպարը սովորական մի աղջիկ է, այնինչ, պարզ չէ՝ նա մահվան հրեշտակ է, թե հերոսի հոգին…Պիեսը շատ օրիգինալ է, հուսով ենք՝ ներկայացումն էլ հաջող կստացվի»,- եզրափակեց Նարինեն: