18/09/2014 18:32
74 դպրոցի շինարարության վրա` 22 մլրդ դրամ. Բոլորն էլ անավարտ են
Այսօր կառավարության նիստի ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում դպրոցների վերակառուցման աշխատանքների ընթացքը և առաջարկեց 13 դպրոցի վերանորոգման աշխատանքները հետաձգել մինչև 2016-2017 թթ-ը:
Նա նաև առաջարկեց ծրագրերը այսուհետ իրականացնել ողջամիտ ժամկետներում` 2 տարի, ոչ թե 6-7, որը հաճախ է տեղի ունենում:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը արձագանքեց, որ ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել դպրոցաշինության ծրագրի շրջանակներում, պարզվել է, որ 2006-2013թթ-ին 74 դպրոցի շինարարության վրա ծախսվել է 22 մլրդ դրամ, ընդհանուր առմամբ` ամբողջ ծրագրով նախատեսված էր 33 մլրդ դրամ, սակայն, դեռևս որևէ կրթական հաստատության շինարարություն չի ավարտվել. Կիսակառուցյ դպրոցների մի մասը կամ պետք է քանդել, կամ վերանորոգել:
Ի. Զաքարյանը ներկայացրեց Գավառի թիվ 5 դպրոցը, որի վերանորոգման համար նախատեսված էր հատկացնել 574 մլն դրամ: 2006թ-ից մինչև 2013թ-ն ընկած ժամանակահատվածում հատկացվել է 270 մլն դրամ, դեռևս 304 մլն դրամ էլ պետք է հատկացնեն, որպեսզի դպրոցի շինարարությունը ավարտեն:
«Բլոր դպրոցների և այս ծրագրի համար գրեթե նույն ձեռագիրն է: Կառավարությունը ժամանակին ծրագիրը իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին»,- ասաց Իշխան Զաքարյանը և հավելեց, որ սեյսմակայանության չափորոշիչները չպահպանելու համար որոշ դպրոցներ պետք է քանդվեն:
Վերահսկիչ պալատի նահագահը քաղաքաշինության նախարարին ասաց. «Եթե առաջարկում եք մի քանի դպրոցների կառուցումը հետաձգել 2016-17 թթ., ապա մյուսներն ի՞նչ են լինելու, արդյոք կա՞ հստակ ծրագիր, թե այդ 74 դպրոցների աշխատանքները: Դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ»:
Ըստ նրա, բացի արդեն ծախսված գումարներից, որը կազմում է 3 մլրդ դրամ, գուցե հետագայում լրացուցիչ գումարների կարիք լինի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մտահոգությունը հայտնեց կառուցվող դպրոցների սեյսմակայունության բացակայության շուրջ՝ նշելով, որ պետք է խորհրդակցություն հրավիրել` քննարկելու կիսակառույց դպրոցների խնդիրները: