18/09/2014 17:43
«am» տիրույթում պոռնկագրական նյութեր տարածելու դեպքերը եզակի են
Հայաստանում 2013-2014 թթ. արձանագրվել է ընդհանուր առմամբ կիբերհանցագործություն կատարելու 103 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այս հանցագործություններից 52-ը կատարվել է համաակարգչային տեխնիկայի օգտագործման, 11-ը` համարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, 9-ը` համակարգչային սաբոտաժի, 8-ը` վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու և տարածելու, 2-ը` համակարգչի միջոցով մանկական պոռնոգրաֆիա տարածելու միջոցով և այլն:
«Նման հանցագործությունների աճն ակնհայտ է, ինչը կապված է նաև դիմելիության մակարդակի աճի հետ: Մեկ տարվա ընթացքում Կազմակերպված հանցավորության դեմ վարչությանն են դիմել 224 քաղաքացի»,-ասաց նա:
Տ. Պետրոսյանի խոսքով՝ վերջին ժամանակներում արձանագրված կիբերհանցագործություններիից ամենաշատը գործարար նամակագրությանը միջամտելու, ինչպես նաև սիրային նամակագրության միջոցով գումարներ հափշտակումների դեպքերն են:
«Վերջին շրջանում տարածում է գտել գործարար նամակագրությանը միջամտելը, երբ 3-րդ անձը միջամտում է էլեկտրոնային նամակագրությանը, ստեղծում է նմանակ էլփոստի հասցե և ինքն է սկսում նամակագրություն վարել երկու կողմերի հետ, իսկ գործարքի ավարտին տրամադրում է իր հաշվեհամարը և գումարները փոխանցվում են ոչ թե գործարարին, այլ` իրեն»,- ասաց Տ. Պետրոսյանը:
Անդրադառնալով սիրային նամակագրության միջոցով գումար շորթելուն՝ նա ասաց, որ նման հանցագործությունների թիրախում հիմնականում երիտասարդ կանայք են, որոնց հանցագործը սկսում է սիրային նամակագրություն վարել, խոստումներ տալ, թե իբր թանկարժեք նվերով ծանրոց է ուղարկել, որից հետո էլ այդ կնոջ հետ կապ են հաստատում իբր մաքսային ծառայության աշխատակիցները և հաստատելով, որ իրականում ծանրոց է առաքվում` խնդրում են մաքսազերծման համար որոշակի գումար փոխանցել, այդպիսով գումար շորթելով քաղաքացուց:
Տ. Պետրոսյանի խոսքով՝ արձանագրվել են նաև մանկական պոռնոգրաֆիա և պոռնկագրական նյութեր տարածելու դեպքեր, որոնք սկիզբ են առել սոցիալական ցանցով և նամակագրության միջոցով: Նա ասաց, որ «am» տիրույթում պոռնկագրական նյութեր տարածելու դեպքերը եզակի են, իսկ երեխաների հարցում պետք է մշտապես ուշադիր լինել և հետաքրքրվել, թե նա ինչով է զբաղվում համացանցում: