18/09/2014 17:26
«Facebook-ի, Odnoklassniki-ի հետ ոստիկանությունը աշխատում է օրենքի դաշտում»
Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարվող հանցագործությունների բացահայտման առումով մասնավոր սեկտորի հետ համագործակցությունն իրականացվում է բացառապես օրենքի շրջանակներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
«Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարվող հանցագործություններն աշխարհում ապացուցողական տեսանկյունից դասվում են ամենաբարդ, անդրսահմանային հանցագործությունների թվին: Բացի միջազգային համագործակցությունից, մասնավոր սեկտորի հետ էլ ունենք համագործակցություն, օրինակ Facebook, Google, Odnoklassniki, Microsoft և նման խոշոր ընկերությունների հետ, բացառապես օրենքի շրջանակներում: Համագործակցություն է իրականացվում նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԱՄՆ-ի համապատսախան կառույցների հետ»,-ասաց Տ. Պետրոսյանը:
Հարցին՝ ինչո՞ւմ է կայանում այդ համագորկացությունը, միգուցե գաղտնաբառեր են տրամադրո՞ւմ և ինչպես են իրականացնում մշտադիտարկումները, Տ. Պետրոսյանը պատասխանեց.
«Համագործակցությունը իրականացվում է մասնավոր սեկտորի հետ բացառապես օրենքի շրջանակներում՝ դատարանի որոշման և դրա պաշտոնական թարգմանության հիման վրա, վերոնշյալ ընկերությունները լուրջ կազմակերպություններ են, որոնք, բնականաբար, բացառապես օրինական դաշտում են աշխատում և համագործակցում են բացառապես օրինական դաշտում: Մշտադիտրակվում են այն թիրախային կայքերը, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել հանցագոծությունները:
Մենք ունենք, օրինակ, դեպք, երբ անձը, որը տղամարդ էր, տարբեր կանանց նկարներով էջեր էր բացել, որտեղ տղամարդկանց միջնորդում էր նկարներում պատկերված կանանց հետ սեռական հարաբերություն ունենալ և դրա դիմաց միջնորդավճար էր վերցնում»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ոստիկանությունը դա իրականացնու՞մ է նաև կեղծ էջերի միջոցով, Տ. Պետրոսյանը պատասխանեց. «Ֆեյք էջ ես անձամբ չունեմ: Նախ, պետք է ի հայտ գա հանցագործության հատկանիշը, որից հետո պետք է պարզենք, արդյոք կա՞ հանցագործություն, թե ոչ»:
Անդրադառնալով այս հանցագործությունների կատարման համար նախատեսված պատժաչափերին, Տ. Պետրոսյանը նշեց, որ դրանք թույլ են:
«Պատիժը, որ նախատեսվում է այս ոլորտում հանցագործության կատարման համար, հիմնականում չի գերազանցում 3 տարին, եթե այն չի կիրառվել բռնության կիրառմամբ կամ այլ ծանրացնող հանգամանքներով: Քրեաական օրենսգիքրը այս մասով ունի բացեր, և արդեն իսկ կա ԵԱՀԿ փորձագետի, Դատախազության և մեր աշխատակիցների համատեղ ջանքերով մշակված՝ համակարգային անվտանգության վերաբերյալ օրենքի նախագիծ, որը կներկայացվի կառավարությանը»,-ասաց Տ. Պետրոսյանը: