18/09/2014 19:18
Թուրքիայում վաճառվող հողը նշված է որպես հին հայկական բնակավայր
Թուրքիայում գործող անշարժ գույքի խորհրդատվական ընկերությունը համացանցում հայտարարություն է տեղադրել մի հողատարածքի վաճառքի մասին, որը ներկայացվում է իբրև 700 տարվա հայկական գյուղի տարածք: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Կազմակերպության պատասխանատուները նմանօրինակ հայտարարության տեղադրումը բացատրել են հետևյալ պատճառաբանությամբ.
«Եթե նշեինք, որ այգի է վաճառվում, ոչ ոք այսչափ չէր հետաքրքրվի»,- տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Կազմակերպությունը վաճառքի հանած երկու հողատարածքներն ինտերնետում տեղադրել է հետևյալ ծանուցմամբ` «700 տարվա հին հայկական բնակավայր» և «700 տարվա հին հայկական գյուղ»: Դրանք գտնվում են Բուրսա նահանգի Գյուվենլի գյուղում, առաջինը զբաղեցնում է 8.416քմ, երկրորդը` 1.989 քմ տարածք: Առաջինի համար սահմանված գինը 90.000 լիրա է (54 հզ դոլար), երկրոդի համար` 105.000 լիրա (63 հզ դոլար):
«Միլլիյեթի» թղթակցին պարզաբանում տված ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հայտարարությունների մեջ տեղ գտած «հին հայկական գյուղ» և «հին հայկական բնակավայր» ձևակերպումները բազմաթիվ հեռախոսազանգերի պատճառ են դարձել: Մինչև անգամ Բելգիայից հետաքրքրվողներ են եղել: Նա նաև նշել է, որ իրենք օգտագործել են «հին հայկական բնակավայր» արտահայտությունը, որպեսզի հնագիտական հետաքրքրություններ ևս արթնացնան պոտենցիալ գնորդների մեջ, քանի որ տարածքում կարող են պեղման աշխատանքներ իրականացնել:
Գյուվենլի գյուղը նախկինում կոչվել է Քարսաք: Մինչև Առաջին համխարհային պատերազմն այդ գյուղում ապրել են ավելի քան 5 հազար հայեր: Հայոց ցեղասպանության տարիներին գյուղը հայաթափվել է, բնակիչները հիմնականում գաղթել են Բուլղարիա: