18/09/2014 13:35
ԱՄՆ-ում կինը մահապատժի է ենթարկվել՝ 9-ամյա երեխային սովամահ անելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել 38-ամյա Լիզա Քոուլմանը, ում մեղքով 2004 թ. սովամահ էր եղել 9-ամյա տղա: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Կնոջը մահացու ներարկում է արվել Հանթսվիլ քաղաքում: Նա ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված երկրորդ կինն է այս տարվա ընթացքում և 15-րդը` 1976թ.-ից սկսած:
2004 թ. հուլիսին Արլինգթոն քաղաքում գտնվող կնոջ տանը հայտնաբերվել էր 9-ամյա Դևոնտի Ուիլյամսի դին, ով եղել է Լ. Քոուլմանի հետ ապրող Մարսելա Ուիլյամսի որդին:
Դատաբժիշկները պարզել են, որ տղան մահացել է հյուծվածությունից: Մահվանից առաջ նա կշռել է մոտ 15 կգ` 2 անգամ պակաս իր տարիքի նորմայից: Երեխայի մարմնին հայտնաբերվել են դաժան ծեծի և խոշտանգումների հետքեր:
Մարսելա Ուիլյամսը, որն այժմ 33 տարեկան է, ընդունել էր մեղքը և դատապարտվել ցմահ ազատազրկման: Իր վերջին խոսքում Լ. Քոուլմանը ասել է, որ սիրում է իր ընտանիքին: