19/09/2014 16:32
ՀՅԴ-ն կարևորում է Սերժ Սարգսյանի մոտեցումն ու գնահատականը. Ա. Վարդանյան
«Մենք մշակել ենք մի փաթեթ, որը պատրաստվում ենք ներկայացնել իշխանություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով նաև, որ փաթեթի ներկայացնելու օրը դեռևս հայտնի չէ:
Ա. Վարդանյանի խոսքով՝ չի բացառվում նաև, որ այդ առաջարկների փաթեթը իշխանությունները ևս չընդունեն:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկություններ էր ներկայացրել նաև քառյակի ուժերին, սակայն մյուս քաղաքական ուժերը դրանք մերժել են: Իսկ թե ինչպես են դաշնակցականները հետագա համագործակցումը պատկերացնում իշխանությունների հետ, դա նրանց առայժմ հայտնի չէ:
«Թե ինչ են ուզում իշխանությունները, ժամանակը ցույց կտա: Ժամանակը ցույց կտա նաև մեր հետագա անելիքները: Մենք ունենք մեր աշխատանքն ու մեր աշխատելաոճը: Գոյություն ունի սահմանադրական բարեփոխումները մշակող հանձնաժողով, որն այսօր էլ շարունակում է իր աշխատանքները: Երբ հայեցակարգը պատրաստ կլինի, մենք այն կուսումնասիրենք, կհասկանանք նաև, թե ինչ են ուզում այս իշխանությունները: Դրանից հետո մենք կներկայացնենք մեր առաջարկները: Կընդունեն դրանք, կհամաձայնենք աշխատել, չեն ընդունի, մենք էլ չենք աշխատի: ՀՅ Դաշնակցությունը մշակել է իր համար մեխանիզմ, որով կշարունակի իր հետագա մարտավարությունը»,- ասաց Ա. Վարդանյանը՝ ընդգծելով, որ հետագա անելիքների հետ կապված դեռևս չկա հստակ մարտավարություն:
«Մենք վստահ չենք, թե իշխանությունները կընդունեն մեր առաջարկները: Էլի եմ ասում, մինչև պատրաստ չլինի հայեցակարգը, մենք ոչինչ ասել չենք կարող: Մենք մեզ համար գծել ենք մի սահման, որից ներքև չենք պատրաստվում անցնել: Եթե իշխանություններն այդ սահմանը հատեն, միանգամից մերժելու ենք»,-ընդգծեց նա:
Ա. Վարդանյանի խոսքով՝ Դաշնակցությունը կարևորում է հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականն ու մոտեցումները, որոնք անշուշտ կարտացոլվեն հայեցակարգի հետ ծանոթանալուց և այն ընթերցելուց հետո:
«Իշխանություններին չենք վստահում, քանի որ նախ մենք կարևորում ենք նախագահի մոտեցումները: Իսկ երկրոդրը՝ չի բացառվում, որ հայեցակարգում լինի այնպիսի խորհրդարանական համակարգ, որն իր մեջ վտանգներ պարունակի: Հայեցակարգով զբաղվել է մասնագիտական հանձնաժողով: Դա ընդունող-չընդունողը Նախագահ Սարգսյանն է»,- ասաց նա:
Ի դեպ՝ Ա. Վարդանյանը անդրադարձավ նաև վերջին օրերին ծավալվող խոսակցություններին: Նա նշեց, որ իրենց տեսակետը հայտնի է բոլորին և ընդգծեց, որ այդ մասին հայտնել են քառյակի վերջին նիստում: «Մեր գործընկերները ըմբռնումով մոտեցան մեր պատճառաբանությանը և հարգեցին մեր որոշումը: Մենք հստակ գիտակցում ենք, որ հանրահավաքի ժամանակ հնարավոր չէ շրջանցել սահմանադրական բարեփոխումները, ուստի նման որոշում ընդունեցինք: Քառյակի հետ կապված՝ մեր պայմանավորվածությունն ուժի մեջ է և մեր համագործակցությունը շարունակվում է նաև այսօր: Բանն այն է, որ կան քաղաքական ուժեր ու անհատներ, ովքեր զբաղված են Դաշնակցությանը պիտակավորելով: Բայց մենք մեր հստակ ասելիքն արդեն ասել ենք և հայտնել մեր դիրքորոշումը: Այդ կարգի խոսակցությունները մեզ համար երկրորդավորված են. կատուն կմլավի, շունն էլ՝ կհաչա»,-ասաց նա: