19/09/2014 19:47
Քննարկվել է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացման ծրագիրը
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր կազմակերպել էին «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) Ծրագրի ավարտական աշխատաժողովը:
Ծրագրի նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը իսկ խնդիրը՝ նպաստել արգելավայրերի ընդլայնմանը` ապահովելով ներկայիս պահպանվող տարածքներում էկոհամակարգերի առավել ընդգրկուն ներկայացվածությունը և առավել ակտիվ մոտեցում ցուցաբերելով կենսաբազմազանության պահպանության գործընթացում: Այս մասին հայտնում է ԲՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ ստեղծված «Խուստուփ» և ընդլանված «Զանգեզուր» պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար հեկտար, այսինքն Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը: Ըստ նախարարի, նորաստեղծ պահպանվող տարածքները ներառում են պահպանվող տարածքների համակարգում մինչ այժմ թերներկայացված լեռնային չորասեր տափաստանները և տափաստանային մարգագետինները, բարձր լեռնային ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը, որոնք հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերն են:
Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ներքո Վայոց Ձորի մարզի Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքները որոշում են կայացրել ստեղծել «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը` 6 հազար հեկտար մակերեսով, որը համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող տարածքը կլինի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Խնդիրը վերջնականորեն կկարգավորվի ծրագրի շրջանակներում լրամշակված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, որի նախագիծը դեռ 2013 թվականի մայիսին ներկայացվել է Ազգային Ժողով: