19/09/2014 19:23
Հայաստանում մակրոտնտեսական կայունությունը պահպանվում է
Միջազգային կազմակերպությունները Հայաստանում տնտեսական աճի լրացուցիչ ռիսկեր են կանխատեսում։ Մի բան, ինչը կապվում է, հիմնականում, Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների հետ։
Մասնավորապես, համաշխարհային վարկանշային «Մուդիս» ընկերությունը Հայաստանում այս տարվա տնտեսական աճի պոտենցյալը գնահատում է 2,1 տոկոսի չափով։ Սա 1,1 տոկոսով ցածր է նախկին կանխատեսումից։
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը առայժմ նույն մակարդակի է թողել Եվրոբանկը։ Վերջինս, շատ ավելի բարձր աճի սպառումներ ունի, քան «Մուդիսը»։ Եվրոբանկի գնահատումներով, տնտեսական աճը կլինի 3 տոկոսի սահմաններում։
Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ առայժմ չեն շտապում նոր կանխատեսումներ ներկայացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Խոսքը մասնավորապես Համաշխարհային բանկի և Արժույթային միջազգային հիմնադրմանի մասին է։ Նրանց վերջին գնահատումներով, տնտեսական աճը կլինի 4 տոկոսի սահմաններում։ Իհարկե, այս գնահատականը դժվար է վերջնական համար։ Առավել ևս, որ դրանից հետո տնտեսության մեջ տարեսկզբից ի հայտ եկած ռիսկերը ոչ միայն խորացել են, այլև ընդլայնվել։
Հայաստանի տնտեսական աճի վատթարացման սպասումները կապվում են հիմնականում Ռուսաստանում ընթացող զարգացումների հետ։ Հաշվի առնելով երկու երկրների առևտրատնտեսական ընդգրկուն հարաբերությունները, ինչպես նաև մի շարք ոլորտներում ուղղակի և լուրջ կապվածությունը, բնականաբար նման հետևանքներն անխուսափելի են։
Ռուսաստանից թելադրվող տնտեսական ռիսկերը մեծացել են ոչ միայն Եվրամիության երկրների և Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների, այլև վերջին շրջանում ռուբլու արժեզրկման տեմպի արագացման հետևանքով։ Այն բացասաբար է ազդում հատկապես այդ երկրից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների վրա, որոնց ծավալներն արդեն հասցրել են կրճատվել։ Ենթադրվում է, որ ռուբլու արժեզրկման խորացումը կմեծացնի ճնշումը տրանսֆերտային հոսքերի վրա։
Հաշվի առնելով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների ծավալները, դրանց կրճատումն ուզած, թե չուզած ազդում է տնտեսական ակտիվության վրա։ Սա դրսից թելադրված օբյեկտիվ գործոն է։ Տրանսֆերտների կրճատումը հանգեցնում է համախառն պահանջարկի անկման, ինչն էլ բացասաբար է ազդում տնտեսության զարգացման վրա։ Թերևս առաջին հերթին այս հանգամանքն են հաշվի առնում միջազգային կազմակերպությունները Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները նվազեցնելու ժամանակ։
Շատ կարևոր է, որ դրական են գնահատումներ Հայաստանի մակարոտնտեսական միջավայրի, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում կառավարության քայլերի առումով։ Դա նշանակում է, որ տնտեսական աճի սպասումների սահմանափակումը կապված է ոչ այնքան ներքին տնտեսական միջավայրի, որքան արտաքին գործոնների հետ։ Դրանց դեմ պայքարի գործիքներ Հայաստանը բնականաբար չունի կամ դրանք խիստ սահմանափակ են։
Թեև դա չի նշանակում, թե ձեռքերը ծալած պետք է հետևել իրադարձությունների ընթացքին։ Անհրաժեշտ է գտնել միջոցներ՝ մեղմելու արտաքին հատվածից թելադրված բացասական սպասումները ինչպես սոցիալական կյանքում, այնպես էլ տնտեսության մեջ։