19/09/2014 11:50
Նոր-Արեշում Արսեն Մկոյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ: Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2-րդ Մասի 6-րդ կետով (Սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ քրեական օրենսգրքի 235 Հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Երեկվա դրությամբ ձերբակալվածներ չկան:
Նախորդող հրապարակում՝ Նոր մանրամասներ՝ Էրեբունիում տեղի ունեցած սպանությունից