19/09/2014 13:17
Jeep Trophy Sprint մրցաշար` Իջևանում
Իջևան քաղաքում սեպտեմբերի 21-ին կկայանա Jeep Trophy Sprint տիպի միջազգային սիրողական բաց մրցարշավ` Motul Low Range 2014 խորագրով, որը կազմակերպել են Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան:
Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 50 պրոֆեսիոնալ և սիրողական մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և Թուրքիայից:
«Միջոցառումը լինելու է բացառիկ անկախ Հայաստանի ավտոսպորտի պատմության մեջ իր ծավալով և մասնակից երկրների քանակով», - ինչպես նշվում է հաղորդագրությունում, ասել է Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:
Միջոցառումը կունենա մրցակցային 5 դասեր.
- 1-ին դաս՝ 4X4 ամենագնացներ` 00-2500 սմ/խ աշխատանքային ծավալ ունեցող շարժիչներով,
- 2-րդ դաս՝ 4X4 ամենագնացներ` 2501 սմ/խ և ավելի աշխատանքային ծավալ ունեցող շարժիչներով,
- 3-րդ դաս՝ 4X4 հատուկ պատրաստված ամենագնացներ,
- 4-րդ դաս՝ 4X4 կամ 6X6 բեռնատար ամենագնացներ,
- 5-րդ դաս՝ 4X4 քառացիկլեր: