19/09/2014 12:50
Քաղտեխնոլոգ. Հասարակությունը չի վստահում հատկապես ընդդիմությանը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կանխատեսմամբ՝ առաջիկայում ոչ նախագահական, ոչ էլ, առավել ևս, խորհրդարանական արտահերթ ընտրություններ չեն սպասվում:
«Ոչ մի արտահերթ ընտրություն օդից չի գալիս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա, ընդգծելով, որ հասարակության մեջ այդպիսի տրամադրություն չի տեսնում:
«Հասարակությունը չի ուզում ոչ մի տեսակի փոփոխություն, հասարակությունը թերահավատորեն է տրամադրված այդ ամենին, որովհետև դեգրադացված է այն աստիճան, որ սպասում է, թե երբ պետք է գա նոր ընտրությունների ժամանակ, երբ ինքը ստանա 5-10 հազար դրամները»,-ասաց քաղտեխնոլոգը:
Կ. Քոչարյանի համոզմամբ՝ հասարակությունը փոփոխություն չի տեսնում ոչ կրթական, ոչ տնտեսական և առհասարակ որ մի ոլորտում:
Կ. Քոչարյանի խոսքով՝ հասարակությունը չի վստահում հատկապես ընդդիմությանը:
«Իշխանափոխությունը ևս փոփոխության մի ձև է, որ կարող է լինել լավ կամ վատ: Մենք բոլորից պահանջում ենք ամեն ինչ, բացի ինքներս մեզանից»,-ասաց նա: