19/09/2014 18:49
Ռուսաստանին նեղող չի եղել. Ով նեղի, նա էլ կնեղվի. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանին նեղող չի եղել, ով կնեղի, նա էլ կնեղվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:
«Ռուսաստանին նեղել՝ նշանակում է նեղվել: Եթե Ռուսաստանին նեղեն, ապա Ռուսաստանը բոլորի «չիպերը» կանջատի, ենթադրենք գազի, իսկ Եվրոպան դա շատ լավ հասկանում է: Ռուսաստանին չեն կարող պատին դեմ տալ»,- ասաց նա:
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ Հայաստանը իր հարաբերությունները, թեև չի փչացնում Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, պետք է պատուհան բաց թղնի նաև Եվրոպայի հետ համագործակցելու համար. «Այսինքն՝ պետք է շարունակի վարել իր խոստացած «և՛, և՛»-ի քաղաքականությունը»:
Եթե Հայաստանը Եվրոպայի հետ չհամագործակցի, Կ. Քոչարյանի խոսքով, անշուշտ խնդիրներ է ունենալու:
«Այսինքն, եթե Եվրոպայի հետ իր հարաբերությունները խզի, այնտեղից այլևս աջակցություն չի ունենա: Հայաստանը չպետք է նվիրված լինի ինչ-որ մեկին, այլ պետք է փորձի բոլորից, այդ թվում նաև՝ Ռուսաստանից, քաղել միայն մաքսիմալ օգուտներ: ՄՄ անդամ դառնալը Հայաստանի համար պետք է լինի ոչ թե ինքնանպատակ, այլ պետք է Հայաստանը այդ միությունից ևս օգուտներ ստանա: Ոչ թե գնա ու ասի, թե ինչ ես ասում, ասա անենք»,- եզրափակեց խոսքը Կ. Քոչարյանը: