19/09/2014 13:34
«Վլադիմիր Գասպարյանի արտիստիզմն է պահանջում ասել սառը, երբ ասում են տաք»
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արտիստիզմն է պահանջում ասել սառը, երբ ասում են տաք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ի պատասխան հարցին՝ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժերի կողմից խոստացված թեժ աշնանը ոստիկանությունը պատասխանելու է սառը ցնցուղներով, արդյոք հնարավո՞ր է նման պայմաններում քաղաքացիական հասարակության կայացում:
Լ. Ալավերդյանի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը հազվադեպ է կայանում իշխանությունների շնորհիվ, իսկ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը օրեցօր ուժեղանում է:
«Մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացման հռչակումը եղել է 1989 թ.: Քաղաքացիական հասարակության կայացման մակարդակը գնահատվում է երկրի կառավարմանը նրա մասնակցության մակարդակով: Ես «Դեմ եմ» շարժման ջատագովն եմ, վերին աստիճանի գրագետ են գործում, ինչը խոսում է նոր որակի մասին»,- ասաց նա:
Լ. Ալավերդյանի խոսքով՝ այնտեղ, որտեղ չկա խոսքի ազատություն, չի կարող լինել քաղաքացիական հասարակություն:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը նշեց, որ մեր երկրում առկա ինտերնետի ազատության մասին շատ երկրներ կարող էին երազել, և անցյալ տարի Հայաստանն ազատ ինտերնետ տարածող երկրների ցանկում զբաղեցրել է 29-րդ տեղը: