19/09/2014 14:14
Լ. Ստեփանյանի գործով վիրավորված զինվորի հայր. Հրաչյան որոշ բաներ է հիշել
Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով Վերաքննիչ բողոքի քննությանը այսօր ներկայացել էր դեպքի օրը վիրավորված զինծառայող Հրաչյա Սարգսյանը, ով ցանկություն հայտնեց ցուցմունք տալ:
Հ. Սարգսյանը նշեց, որ որոշ բաներ է հիշել դեպքի մասին, որոնք ցանկանում է հայտնել դատարանին:
Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը՝ ասելով, որ նրան կլսեն նիստը վերաքննության կարգով անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո:
Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք է դրսևորվել գործի նկատմամբ և դատարանը վճիռ է կայացրել պետական որոշ մարմինների ու տուժող կողմի անուղղակի և ուղղակի ճնշումների ներքո:
Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ որդին այս փուլում որոշել է ցուցմունք տալ:
«Նա լրատվամիջոցների գրածներից որոշ բաներ հիշել է և որոշել է դա ասել դատարանին, իսկ թե ի՞նչ է հիշել, մենք կասենք դատարանում»,-ասաց Վ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանը սպանվել է 2013թ.-ի մայիսի 15-ին՝ Նոյեմբերյանի N զորամասում՝ ծառայակցի արձակած գնդակից: Միջադեպի ժամանակ ծանր հրազենային վնասվածք է ստացել նաև Հրաչյա Սարգսյանը:
Հարուցված քրեական գործով ձերբակալվել էր Դավիթ Խաչատրյանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտեց ազատազրման՝ 17 տարի ժամկետով:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի հայր. Նախարարը ինձ խոստացավ, որ գործը շուտ կավարտեն
Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը իրեն մեղավոր չի համարում