19/09/2014 15:09
Նոր Նորքի բնակիչները ահազանգում են. Աղբն է պատճա՞ռը, թե գործ տվող մարդիկ
Նոր Նորքի 9-րդ զանգվածի 44-րդ և 45-րդ շենքերի մոտակա ձորակում առկա գարշահոտությունը չի վերացվել: Այս մասին Aysor.am-ին ահազանգեցին բնակիչները:
Aysor.am-ն արդեն անդրադարձել էր խնդրին: Մեր թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմել էին, որ շենքերի հարևանությամբ գտնվող ձորում աղբանոց է բացվել, որի մասին բոլորովին վերջերս են իմացել: «Ցերեկները հոտը այդքան ուժեղ չի գալիս, որքան գիշերները: Մարդիկ այս ամռան շոգին չգիտեն պայքարեն շոգի, թե գարշահոտության դեմ»,- նշել էր բնակիչներից մեկը:
Նա պատմել էր, որ աղբանոցում աղբը վառում են, որի ծուխն ու մուրն ոչ միայն տհաճ են, այլև հակահիգիենիկ ու վտանգավոր:
Նրա խոսքով՝ երկու օր առաջ ՀՀ ԱՆ աշխատակիցները ահանզանգի հետքերով եկել են ձոր՝ «աղբանոցի» տնօրենին ու աշխատակցին անակնկալի բերելու նպատակով, սակայն անակնկալի են եկել հենց իրենք. բնակիչների հետ նրանց դիմավորել են հարայհրոցով:
Aysor.am-ին ահազանգած բնակիչը հայտնեց, որ խնդիրը մինչև այսօր չի լուծվել: Նրա խոսքով` գարշահոտության պատճառով մարդիկ ստիպված են զմռսած պատուհաններով քնել, իսկ քաղաքապետարանը որևէ քայլ չի ձեռնարկել խնդիրը վերացնելու ուղղությամբ:
Նշված տարածքում աղբահանություն իրականացնող «Վեներա» ՍՊԸ աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ձորակը իրենց իրավասության ներքո չէ, քանի որ այն փողոցից դուրս է գտնվում, իսկ եթե բնակիչներն իրենք են այն աղբով լցնում, ապա դրա մեղավորը հենց իրենք են, իսկ «Վեներա» ՍՊԸ-ն հստակ դիսլակացիայով են առաջնորդվում:
Aysor.am-ի ճշտմանը` այսինքն իրենք հրաժարվո՞ւմ են ձորակի աղբահանությունից, մեր թղթակցին պատասխանեց ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը, ով հանձն առավ գնալ և տեղում պարզել խնդիրը: Քիչ անց նա մեր թղթակցի հետ զրույցում չհրաժարվեց ձորակից, ասելով, որ նշված տարածքում գարշահոտության խնդիր չկա, սակայն կան «գործ տվող» մարդիկ:
«Ես հենց հիմա գտնվում են այդ տարածքում, որևէ գարշահոտություն չկա, կարող եք ինքներդ գալ ու համոզվել, իսկ մոտակա աղբանոցը գտնվում է այս տարածքից 4-5 կմ հեռավորության վրա, այնպես, որ դա իրենց չի կարող խանգարել: Շենքերի աղբահանությունը կատարվում է ըստ գրաֆիկի, վերջինը կատարվել է երեկ չէ առաջին օրը, հաջորդը կատարվելու է վաղը: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչում է կայանում նրանց բողոքը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: