19/09/2014 14:05
Օբամա. ԱՄՆ-ը կմարզի սիրիական ընդդիմության մարտիկներին
ԱՄՆ-ը նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգոտնը մարզելու և զինելու է սիրիական ընդդիմության մարտիկներին՝«Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:
Ria.ru-ի փոխանցմամբ, Օբաման նշել է, որ իրենք ուժեղացնելու են ընդդիմությանը, որպեսզի նրանք Սիրիայի ներսում ոչնչացնեն «Իսլամական պետությանը»:
ԱՄՆ նախագահի խոսքով, սիրիական ընդդիմության մարզումները տեղի են ունենալու Սիրիայի սահմաններից դուրս:
Օբաման հավելել է, որ ավելի քան 40 երկիր համաձայնվել է միանալ «Իսլամական պետության» դեմ ձևավորվող կոալիցիային:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար կարող է օգտագործել Պարսից ծոցում գտնվող իր ռազմակայանները և այդ տարածաշրջանի իր ռազմաքաղաքական դաշնակիցներին:
Պարսից ծոցում ԱՄՆ-ն կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք, որը կարող է օգտագործվել Իսլամական պետության դեմ պայքարելու համար: Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ: Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները: Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Շատ հաճախ, Պարսից ծոցի այդ երկրներին անվանում են մինի-ՆԱՏՕ՝Վաշինգտոնի հետ ունեցած սերտ ռազմաքաղաքական համագործակցության համար: Բացի ծոցի երկրներից, ԱՄՆ-ը ռազմակայան ունի Թուրքիայի տարածքում՝Ինջեռլիք, ինչպես նաև շարունակում է ակտիվորեն զինել և ռազմական փորձագետներ ուղարկել Իրաք՝ կառավարական ուժերին աջակցելու համար: