19/09/2014 15:51
Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը
Մոսկվայում ոստիկանությունը գողական հավաք՝«սխոդկա» է կանխել, որի ընթացքում ձերբակալվել է երկու «օրենքով գող»՝Իլյա Գոգլոևը, ով հայտնի է Իլյա Կալինինգրադսկի մականունով և ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը՝ Սերյոժա-Բենթլին:
Գոգլոևի մոտ անձնական զննության ընթացքում հայտնաբերվել է 7 գրամ հերոին:
Հիշեցնենք, որ ծնունդով Թբիլիսիից Սերգեյ Էդուարդի Ասատրյանը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Օսետրինա-կրտսեր կամ Սերյոժա-Բենթլի, համարվում է ամենաերիտասարդ «օրենքով գողը»:
1986թ.-ին ծնված Օսետրինա-կրտսերին վիճակված էր դառնալ «օրենքով գող», քանի որ նրա հայրը` Էդիկ Ասատրյանը, քրեական աշխարհի պարագլուխներից մեկն է համարվում և նույնպես ունի «օրենքով գողի» կարգավիճակ:
Էդիկ Ասատրյանը (Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինա-ավագ)` Սերյոժա-Բենթլիի հայրը, համարվում է Դեդ Հասանի մերձավորներից մեկը:
Օսետրինա-կրտսերը, չնայած երիտասարդ տարիքին, մեծ հեղիկանություն է վայելում Մոսկվայում բնակվող թբիլիսյան համայնքի շրջանում:
Նա պատասխանատվություն էր կրում կալանավայրերում գտնվող հեղինակություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և Ռոստովի երկրամասի կալանավայրերի «նայողներին» վերահսկելու համար:
2008թ.-ի նոյեմբերի 6-ին Ասլան Ուսոյանը և Վյաչեսլավ Իվանկովը` Յապոնչիկը, «օրենքով գող» են կարգել 12 երիտասարդների, որոնց թվում էր նաև Սերգեյ Ասատրյանը:
2011թ.-ին Օսետրինա-կրտսերը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման` Ռոստովի կալանավայրերից մեկում «Օսետրինաների կլանի» վերաբերյալ անհարգալից ձևով արտահայտված բանտարկյալի ծեծը պատվիրելու համար:
Ասատրյանը սպառնացել է «կոտրել ստախոսի այն բոլոր մասերը, որոնք կոտրվում են», իսկ Ռոստովի կալանավայրի «նայող» և Ասատրյանի ընկեր Ալեքսեյ Ֆորոպոնովը բանտարկյալի առողջությանը վնաս հասցնելու համար դատապարտվել էր 1 տարի ազատազրկման:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում դաժան ծեծի է ենթարկվել ազգությամբ հայ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Սերյոգա-Բենթլի մականունով:
Նա իր հորեղբոր Ալիկի հետ միասին հետաքրքրություն են ցուցաբերել Ռուսաստանի մայրաքաղաքի ավտոսրահներից մեկի նկատմամբ, որը վերահսկում են դաղստանցիները: Ասատրյանը և դաղստանցիները հարցերը պարզելու համար հանդիպում են, սակայն խոսակցությունը լարված է ստացվում և ավարտվում է ծեծով: Քանի որ դաղստանցիները շատ էին, նրանք դաժան ծեծի են ենթարկել Ասատրյանին, ով այժմ գտնվում է հիվանդանոցում:
Ասատրյանի ծեծը կարող է ձեռնտու լինել մեկ այլ հայազգի «օրենքով գող» Կամո Սաֆարյանին, ով վերջերս ձերբակալվել էր Ղրիմում՝«սխոդկայի», գողական հավաքի ժամանակ:
2012թ.-ին Կամոյի միջնորդությամբ «օրենքով գող» է կարգվում Կոբա Ձիձիշվիլին, ինչը դուր չի գալիս Ասատրյանին: Նա հավաք է հրավիրում և գողերի մոտ քննադատում է Կամոյին, իսկ «օրենքով գող» կարգվելու արարողությունը չեղյալ համարում: Այդ ժամանակվանից սկսած Կամոյի և Սերգեյի հարաբերությունները բավականին լարված են: