19/09/2014 17:48
«Վարդան Պետրոսյանի գործով փորձաքննության մեջ «օդից վերցված» արագություն է»
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով արված դատաավտոտեխնիկական փորձաքննության պատասխանում առկա ավտոմեքենայի արագությունը «օդից վերցված» է: Այս մասին այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Այսօրվա նիստում հարցաքննվում է փորձագետ Խորեն Զաքարյանը:
Նրա խոսքով՝ դա մշտապես արվում է մեկին դատապարտել ցանկանալու դեպքում:
«Իմ ներքին համոզմամբ՝ դա թելադրանքի արդյունք է, քանի որ Հայաստանում փորձաքննության մեթոդաբանությունը միտումնավոր չեն փոխում: Ես ընդունում եմ, որ Վ. Պետրոսյանի ավտոմեքենայի արագությունը եղել է 70 կմ ժամից ավելի, բայց փորձագետի կողմից ներկայացված արագությունը օդից վերցրած թիվ է»,-ասաց նա` նշելով, որ կասկած չունի փորձագետ Խորեն Զաքարյանի մասնագիտական հմտությունների վրա:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ իր համար զարմանալի է նաև փորձագետի եզարակացության մեջ այն միտքը, որ «եթե ընդունենք, որ «Վազ 21214» մակնիշի մեքենան հետընթաց է կատարել, ապա այն խոչընդոտ չի հանդիսացել Վարդան Պետրոսյանի մեքենայի համար»:
Փաստաբանի խոսքով, եթե ինքը 1 % կասկած ունենար, որ դերասանին առաջադրված մեղադրական եզրակացության մեջ ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, նա նույնպես կընդուներ, որ Վ. Պետրոսյանին պետք է դատապարտել:
Հիշեցնենք, որ որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյան. Դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ