20/09/2014 09:25
Պետության բացակայության ցուցանիշը. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երբ սեպտեմբերի 21-ին ասվում են ավանդական խոսքեր՝ «դարավոր երազանքի», «պատմական հողի» և «անկախության սերնդի մասին», ես հիշում եմ հորս հարցը, որը նա տվել էր 1965թ.-ին, երբ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ «հողեր ուզելու»: Նա հարցրել էր. «Իսկ եթե հողերը մեզ տան, այդ հողերում նույն անկարգ, անկազմակերպ վիճա՞կն է լինելու, որը կա այսօր Հայաստանում»:
Ճիշտ նույն տրամաբանությամբ՝ հիմա խնդիրն այն չէ, թե պատմական հողի ո՞ր մասն ենք մենք այժմ տնօրինում, կամ ո՞ր չափով է իրականացվել մեր դարավոր երազանքը: 23 տարի առաջ մենք հնարավորություն ստացանք ունենալու մեր պետությունը, որն առայժմ չի կայացել: Ի՞նչ է պետք անել, որ այն կայանա՝ դա է հարցը:
Այդ հարցն ինձ համար ունի հետևյալ «մասնավորեցումը». ինչո՞ւ են օրինակ, գերմանացիներն իրենց պատվի հարցը համարում կատարել օրենքների պահանջները և ստիպում են, որ նույնն անեն մնացած ազգերը, որոնք ապրում են իրենց երկրում, և ինչո՞ւ հայաստանցիներն իրենց պատվի հարցն են համարում շրջանցել օրենքը: Եվ ոչ միայն օրենքը, այլև ցանկացած այլ սկզբունք»: