20/09/2014 13:45
«Նոր ծրագրով վերապատրաստված ուսուցիչները կստանան 400 հազար դր. աշխատավարձ»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը սկսում են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ և մեր պետությունը պատրաստ է այս փորձը տարածել ՀՀ տարածքում:
«Ծրագրի առաջին փուլում «Այբը» կանցնի միջազգային հավատարմագրման գործընթաց և կստանա միջազգային կրթական ծրագրի կարգավիճակ, որից հետո այդ սերտիֆիկացված կրթական ծրագրի հիման վրա վերապատրաստվելու են մանկավարժներ, իսկ երրորդ փուլում՝ այդ մանկավարժները մտնելու են աշխատանքի դպրոցներում»,- ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ա. Աշոտյանի խոսքով՝ նոր ծրագրով աշխատող դպրոցների ցանկը որոշելու է ՀՀ կառավարությունը և առաջին փուլում, որը տևելու է 3-5 տարի, ընդգրկվելու են այսօր գործող 12 ավագ դպրոցներ՝ մեկական յուրաքանչյուր մարզից և երկուսը մայրաքաղաքում, և վերապատրաստման համար արտոնություններ կստանան հենց այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները, որոնք հետո կստանան առավել բարձր աշխատավարձ՝ մոտ 400 հազար դրամի չափով:
Ծրագրի ընթացքում վերապատրաստվելու է առնվազն 2000 ուսուցիչ, 2015-ին արդեն 5 դպրոց կաշխատի այդ ծրագրով, իսկ ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կտրամադրվի 2 մլրդ դրամ:
Ա. Աշոտյանը նաև նշեց, որ որևէ սերտիֆիկատ հավերժ չի լինելու և թերությունների առկայության դեպքում ուսուցիչը կզրկվի դրանից:
«Այբ» կրթական հիմնադրամի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ իր հերթին ասաց, որ այս ծրագրի հիմնական նպատակն է ոչ միայն ուսուցիչներին վերապատրաստել, այլ նաև նոր շունչ ու տաղանդ բերել դեպի կրթություն, իսկ Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ համագործակցում են, քանի որ վերջիններս կրթական բարեփոխումներ են իրականացրել աշխարհի 125 երկրներում: