20/09/2014 16:41
Մեկնարկում է «Ամենախելացին» մանկական ինտելեկտուալ շոուն
Կրթության և գիտության նախարարության, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, «Արմենիա» հեռուստաընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Նախարարությունն ու հիմնադրամը կաջակցեն «Արմենիա» հեռուստաընկերությանն իրականացնելու «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն:
Ինչպես նշեց «Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, սա ինտելեկտուալ նախագիծ է, որը պատկանում է «Sony pictures Television» բրիտանական ընկերությանը:
«Մասնակցելու են 2 տարիքային խմբերի դպրոցականներ՝ 12-13 և 15- 16 տարեկան: Այս նախագծի նպատակն է հայտնաբերել ազգի ամեխելացի դպրոցականներին: «Արմենիա»-ն ունի նման փորձ, արդեն իրագործում է «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ նախագիծը»,-ասաց Դավիթ Բաբախանյանը: Այս նախագիծը եթերում կլինի մարտի սկզբին, «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի խմբագիրը Կարեն Քոչարյանն է, հաղորդավարուհին՝ Նազենի Հովհաննիսյանը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շատ կարևոր իրադարձություն համարեց նախագծի իրագործումը, որը թույլ է տալու մեկտեղել մասնավոր և պետական կառույցների միասնական ջանքերը: «Գիտելիքի արժևորմանն ուղղված նախագիծը երեխաների շրջանում սեր է սերմանելու դեպի գիտություն և այն դրսևորվելու, հաղթելու հնարավորություն է տալու: Մեծ հույս ունեմ, որ այս նախագիծը կվերածվի ինտելեկտուալ շարժման: Մենք կարիք ունենք մեր երեխաների մոտ արմատավորելու լավ իմաստով կարծրատիպ, որպեսզի իրենք հասկանան, որ իրենց ապագան բացառապես իրենց ձեռքերում է: Այս պարագայում, պետք է ցույց տալ, որ գիտելիքն է այն ճանապարհը, որը բացելու է ցանկացած դուռ, բերելու է անձնական բարեկեցության, ուժեղ հասարակության, ուժեղ պետության կառուցման»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս նախագիծը հնարավորություն է դասական ուսումնական կրթական գործընթացներին զուգահեռ կիրառել նման զվարճալի, ինտերակտիվ խաղային տեխնոլոգիաներ, որպեսզի սովորելու գործընթացը դառնա էլ ավելի հետաքրքիր:
«Մենք առանձին համագործակցության մեծ փորձ ունենք «Տաշիր» հիմնադրամի ու «Արմենիա»-ի հետ, և այդ համագործակցությունը միշտ պսակվել է հաջողությամբ: Վստահ եմ, որ հիմա, երբ մեր 3-ի ջանքերը մեկտեղվում են, կուենանք կայուն արդյունք, գիտելիքը քարոզող ծրագիր, որի հանդիսատեսը կլինի ոչ միայն երեխան, այլև նրա ծնողը: Հուսով ենք, որ այն վարակիչ է լինելու, շատ եմ ցանկանում, որ այդ երեխաները քայլեն փողոցով, իսկ մյուսները նրանց հեռվից մատնացույց անեն»,-հավելեց նախարարը:
Նա ընդգծեց, որ այ այդպիսի երեխաները պետք է լինեն մեր հերոսները, ոչ թե մարդիկ, որոնց հայտնվելը այս կամ իրադարձության մեջ բացարձակ կապ չունի իրենց կրթական ցենզի, գիտելիքի հետ: