20/09/2014 13:37
Դավութօղլու. Ծառայել Թուրքիային՝ նշանակում է ծառայել Ադրբեջանին
Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքն ուրախ է լինել իր հայրենիքում, իր տանը, իսկ իրենց համար ծառայել Թուրքիային՝ նշանակում է ծառայել Ադրբեջանին, իսկ ծառայել Ադրբեջանին՝ նշանակում է ծառայել Թուրքիային:
APA գործակալության փոխանցմամբ, Դավութօղլուն նշել է, որ վերջին 10-12 տարվա ընթացքում Ադրեջանը և Թուրքիան, որպես եղբայրներ, ուս-ուսի տված, իրականացրել են խոշոր տնտեսական ծրագրեր:
Թուրքիայի վարչապետի խոսքով, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով իրենք միացրել են Կովկասը և Միջերկրական ծովը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի միջոցով՝ Կովկասը և Անատոլիան, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով՝ Պեկինը և Լոնդոնը:
Դավութօղլուն հավելել է, որ TANAP-ի և «Հարավային գազային միջանցքի» օգնությամբ իրենք կմիավորեն Կովկասը և Բալկանները:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում տեղի կունենա TANAP գազամուղի հիմնարկեքի արարողությունը: Այդ գազամուղով ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրից գազը կարտահանվի դեպի Թուրքիա, այնուհետև՝ ԵՄ: TANAP-ի թուրքական հատվածի հիմնարկեքը տեղի կունենա 2015թ.-ին: