20/09/2014 15:17
Նալբանդյան. Հայաստանի դիրքորոշումն ընկալելի է միջազգային հանրության կողմից
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ:
Իր ելույթում, ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԳ նախարարն ասել է, որ Առանցքային նշանակություն ունեցող արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակում է համատեղ ջանքերը` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ կարևորագույն համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, վերահաստատում են, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը այսօր լիակատար ընկալում է գտնում միջազգային հանրության կողմից։
Չնայած Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող սադրիչ, և ռազմատենչ հայտարարություններին, խաղաղությունը խարխլելու շարունակական փորձերին, միջազգային հանրությունը շարունակում է ջանքերը Ադրբեջանին կառուցողական դաշտ հետ բերելու նպատակով։ Դրա մասին են վկայում եռանախագահ երկրների կողմից արված վերջին կոչերը։ Խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն են ուղղված համանախագահ երկրների նախաձառնությամբ կազմակերպված օգոստոսին՝ Սոչիում, սեպտեմբերին՝ Նյուպորտում և հոկտեմբերին՝ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները»,- ասել է նա: