20/09/2014 16:20
«Բարեփոխումների հայեցակարգով կբարձրանա քաղաքական փոքրամասնությունների դերը»
Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագիրն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի և Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` նախորդ հանդիպումներում ներկայացված առաջարկներն ու նոր հայեցակարգային խնդիրները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ այս` արդեն երրորդ հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Տանչևը Հայաստանում իրականացվելիք սահմանադրական բարեփոխումները կարևորել է երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից:
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արտահայտում է ժողովրդավարության խորացմանը Հայաստանի ձգտումը: Ամենակարևորն, իմ կարծիքով, այն է, որ հայեցակարգն ապահովում է քաղաքական փոքրամասնության դերի բարձրացումը: Կան քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության հավասարակշռման մեխանիզմներ: Այս առումով կառավարման խորհրդարանական համակարգն անփոխարինելի կարող է լինել»,- ասել է նա:
Վենետիկի հանձնաժողովի հետ կառավարման համակարգին առնչվող հայեցակարգային մոտեցումները քննարկելիս ընդգծվել է, որ անհրաժեշտ է տարանջատել դասական հիմնական իրավունքները սոցիալական իրավունքներից ու պետության նպատակներից, սահմանել նաև տարբերակված դատական պաշտպանության մեխանիզմներ: Քննարկվել են նաև նախագահի ընտրության կարգը, խորհրդարանական համակարգում նախագահի հիմնական գործառույթներն ու ֆունկցիաները:
Նշվել է նաև, որ խորհրդարանական համակարգում պետք է բացառել նախագահի և կառավարության ղեկավարի ֆունկցիաների կրկնումը` դրանով հնարավորություն ստեղծելով իրականացնել միասնական գործադիր իշխանության քաղաքականություն:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: