20/09/2014 14:14
Հայրիկյանը նեղսրտած է, միջոցառումներին իրեն հրավիրել են, ընկերներին՝ ոչ
Ցավոք, այս տարիների բացթողումներն ավելի շատ են, քան՝ ձեռքբերումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Հայաստանի անկախության ձեռքբերումների և բացթողումների մասին, նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Ընդհանրապես, բնական կյանքով ապրող ազգի բնակչությունը 25 տարին մեկ կրկնապատկվում է: Հայերի մոտ մի քիչ այլ է»,- ասաց նա՝ շարունակելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայերը իրենց անվտանգությունն ապահովելու համար սկսել են ավելի շատ բազմանալ:
«Թվում էր, թե անկախությունից հետո մենք պետք է ժողովրդագրական շեշտակի աճ ունենայինք, բայց ժամանակը հակառակն ապացուցեց: Եվ քանի, որ Հայաստանում իշխանությունը ստանձնեցին Մոսկվայի ԿԿԲ-ի մարդիկ, ովքեր անկախության հետ ընդհանրապես կապ չունեին, ովքեր չէին նախապաատրաստվել անկախ պետականությանը, այլ՝ պատրաստված էին կոմունիստական կայսրությանը ծառայելու համար, նրանք պատրաստ չէին անկախ Հայաստանին: Ժողովրդագրական վերելքի հարցը Հայաստանի կարևարգույն բացթողումներից մեկն է»,- նկատեց Հայրիկյանը՝ ընդգծելով, որ այսպիսի խայտառակ տվյալներ, երևի թե, ոչ մի պետություն չունի:
Խոսելով անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների մասին՝ Հայրիկյանն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ տոնակատարությանը հրավիրված են մարդիկ, ովքեր ընդհանրապես անկախության հետ կապ չունեն, մինչդեռ իր զինակիցները հրավիրված չեն:
«Ես հրավեր եմ ստացել, որպեսզի վաղը մասնակցեմ կազմակերպված մեծ հանդիսություններին, բայց չեմ գնա այնքան ժամանակ, մինչև հրավիրվածների ցանկում չընդգրկվեն իմ ընկերները»,- ասաց նա, ընդգծելով՝ եթե մինչև օրվա վերջ այդ հրավերը չստանան իր ընկերները, ինքն իր համեստ այգում, համեստ մի միջոցառում կկազմակերպի:
«Լսե՛ք, եթե դուք գնահատում եք ինձ, որպես Անկախության պայքարի առաջնորդ, ապա այդ միջոցառմանը պետք է մասնակցեն նաև իմ զինակիցները: Նրանցից մի քանիսը՝ Անդրանիկ Մարգարյանն ու Աշոտ Նվասարդյանն այսօր կենդանի չեն, բայց այսօր կան մարդիկ, ովքեր ինձ հետ են եղել Անկախություն հանրաքվեի ճանաչման ռազմավարության ճանապարհին: Ազատ Արշակյան, Ռազմիկ Մարկոսյան և Սուսաննա Ավագյան, Մեխակ Գաբրիելյան: Փոխարենը սակայն այդ միջոցառմանը հրավիրված են մարդիկ, ովքեր անկախության հետ ընդհանրապես կապ չունեն»,-վրդովված ասաց Պ. Հայրիկյանը: