20/09/2014 11:24
Քուվեյթին հետաքրքրում է Հայաստանի ներդրումային միջավայրը
Քուվեյթի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիի գլխավորությամբ և հանդիպումները հանրապետության բարձրագույն պաշտոնյաների հետ ևս մեկ առիթ է պատկերացում կազմելու Պարսից ծոցի այդ երկրի և նրա ներդրումային հետաքրքրությունների մասին: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստան էր այցելել նաև Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցելությունների ժամանակ քննարկվել են նաև տնտեսական բնույթի թեմաներ, սա ցույց է տալիս, որ Քուվեյթը հետաքրքրվում է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրով:
Քուվեյթը նավթով հարուստ, բարեկեցիկ երկիր է, որտեղ նավթի հաստատված պաշարները գնահատվում են 102 միլիարդ բարել, օրական արդյունահանվում է 2,7-3,0 մլն. բարել նավթ և նավթային արդյունաբերությունը ապահովում է երկրի ՀՆԱ-ի (որը կազմում է 180 մլրդ. դոլլար) մոտ կեսը, արտահանման ծավալների (որը կազմում է 110 մլրդ դոլլար), 95%-ը և բյուջեի եկամուտների (որը կազմում է 114 մլրդ. դոլլար) 95%-ը: Թեև կենսամակարդակը բարձր է, տնտեսությունը կայուն է, գործազրկությունը գտնվում է ցածր մակարդակում, նավթի և գազի արդյունահանման ճյուղ և տարբեր ենթակառուցվածքների նախագծեր հսկայական ֆինանսական հոսքեր են ուղղվում, սակայն երկրի տնտեսությունը դեռևս թույլ դիվերսիֆիկացված է, ներդրումային միջավայրը թույլ է զարգացած, իսկ բիզնես միջավայրը կայացած չէ: Դա բացատրվում է նրանով, որ ինչպես Քուվեյթի, այնպես էլ այլ արաբական երկրների իշխող վերնախավերը երկար տարիներ չեն ցանկացել կիսել նավթից եկամուտ ստանալու իրենց հնարավորությունները այլ երկրների ներդրողների հետ: Օտարերկրյա ներդրողներին չեն թողել նավթագազային սեկտոր, իսկ մյուս ոլորտներ թույլատրվել են, եթե օտարերկրյա ընկերություններն ամբողջովին օգտագործել են տեղական աշխատուժը: Բացի այդ ներդրումային միջավայրի բարելավումը իր հերթին պահանջում էր նաև տնտեսության և քաղաքականության ազատականացում, որից էլ խուսափել են իշխանությունները: Ներկայումս էլ հարևան երկրների ներդրումային պայմանները համեմատաբար ավելի բարենպաստ են և մեղմ, ինչպես օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում և Կատարում, քան Քուվեյթում, որտեղ ներդրումային նախագծերի թույլտվություն ստանալը բարդ է: 2011թ.-ին «արաբական գարնան» ալիքի վրա նույնպես հուզումներ եղան Քուվեյթում, որի արդյունքում Քուվեյթի էմիրը ցրեց պառլամենտը և Կառավարությանը հրաժարական տվեց, դա իր հերթին բացասական ազդեց երկրի ներդրումային հեղինակության վրա: Ներկայումս վիճակը փոփոխվում է, Կառավարությունը փորձում է «ոչ նավթային սեկտորը» զարգացնել, ակտիվացնել մասնավոր սեկտորի դերը տնտեսության մեջ:
Քուվեյթը ներդրումներ կատարող առաջատար երկրներից մեկն է համարվում ոչ միայն Պարսից ծոցում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ինչպես նշեցինք Քուվեյթում օտարերկրյա ներդրումների մակարդակը նույնպես ցածր է, բացի այդ կապիտալի արտահոսք կա երկրից: Քուվեյթում օտարերկրյա ներդրումները կազմում են արաբական երկրներում կատարված ներդրումների 1%-ը, իսկ միայն Քուվեյթի կողմից կատարված ներդրումները կազմում է Պարսից ծոցի արաբական երկրներում կատարված ներդրումների 35%-ը: Սա ցույց է տալիս, որ քուվեյթցիները ներդրումներ նախընտրում են կատարել, ոչ այնքան իրենց երկրում, որքան իրենց երկրից դուրս: Թեև Քուվեյթում ներդրումները աճում են, սակայն հիմնականում մեկ ինվեստորի կողմից, որը հեռահաղորդակցման ոլորտում գործող հսկա Qatar Telecom ընկերությունն է, ինչպես նաև Քուվեյթի ներդրումային հիմնադրամների կողմից: Քուվեյթում գործում է երկու ներդրումային հզոր հիմնադրամ՝ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամը (KFAED) և Քուվեյթի ներդրումային գործակալությունը (KIA): Այս հիմնադրամների միջոցները ձևավորվում են նավթային եկամուտների մասնահանումներից: Այս ներդրումային հիմնադրամների շրջանակներում բազմաթիվ նախագծեր են ֆինանսավորվում նաև արտասահմանում:
Հայ-քուվեյթյան տնտեսական հարաբերությունները կարելի է ասել շատ թույլ են զարգացած: Ըստ վիճակագրական ծառայության տվյալների 2013 թ.-ի դրությամբ քուվեյթյան ընդհանուր ներդումները Հայաստանի իրական հատվածում կազմել են 415,9 հազ. դոլլար, որից ուղղակի օտարերկյա ներդումները՝ 154,6 հազար դոլլար: Ըստ Մաքսային Ծառայության տվյալների Հայաստանից արտահանումը Քուվեյթ կազմել է 278 հազար դոլլար, որտեղ հիմնականում արտահանվել են ոչխարներ և այծեր: Ներմուծվել է 354,1 հազ. դոլլար մաքսային արժեքի ապրանք, հիմնականում ապակե տարաներ, էթիլենի պոլիմերներ: Նշենք, որ Քուվեյթի առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը Վրաստանի և Ադրբեջանի հետ ցածր է՝ առևտրաշրջանառության ծավալները նույնպես փոքր են:
Հայաստանը ունի ներդրումային ներուժ, սակայն, այդ ներուժը քիչ կամ սխալ է օգտագործում: Հայ-քուվեյթյան տարբեր հանդիպումների ժամանակ շատ է մատնանշվել, որ տնտեսական հարաբերությունների կայացման խոչընդոտման հիմնական պատճառը ուղիղ ավիաթռիչքների բացակայությունն է: Հայաստանում քուվեյթյան կապիտալի համար հետաքրքրություն կարող են ներկայացնել զբոսաշրջային բիզնեսը, գյուղատնտեսությունը: Քուվեյթի տարածքը անբարենպաստ է գյուղատնտեսության համար, տարածքի միայն 1-2% է պիտանի գյուղատնտեսական նպատակների համար: Գյուղատնտեսական ապրանքներ են ներմուծվում են նաև հեռու երկրներից՝ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, այդ տեսակետից Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում խոշորածավալ ներդրումները նույնպես Քուվեյթի համար հետաքրքիր են և ռազմավարական նշանակություն կարող են ունենալ, հետագայում այդ մթերքները Քուվեյթ արտահանելու հեռանկարով: Նշենք, որ Քուվեյթի ներդնողներին սովորաբար չեն հետաքրքրում փոքր և միջին նախագծերը, այլ խոշոր, 100 միլիոն դոլլարը գերազանցող նախագծերը:
Քուվեյթը ներդրումներ է անում այն երկրներում, որտեղ հնարավորությունները շատ են, նախագծերը եկամտաբեր: Քուվեյթը պարզապես փորձում է նավթի պաշարների սպառմանը զուգահեռ ապագայում ապահովել արտասահմանյան երկրներում կատարած ներդրումներից կայուն եկամուտներ, այդ պատճառով նավթադոլլարները ուղղվում են համաշխարհային ֆինանսական համակարգ և տարբեր եկամտաբեր նախագծեր, ձեռք են բերվում անշարժ գույք, եկամտաբեր բիզնեսներ տարբեր երկրներում: Ինչպես քուվեյթցիներն են ասում, Քուվեյթը տարբեր երկրներում իր ներդրումային ծրագրերը իրականացնելիս հաշվի չի առնում քաղաքական կամ կրոնական խնդիրները այդ երկրների հետ, այլ միայն տնտեսական արդյունավետությունը: