20/09/2014 15:05
Հայրիկյանը դեռ հույս ունի, քանի որ իր կողքին կանգնած են իսկական նվիրյալներ
«Ոչ մի Լյովիկ կամ Ռուբիկ, կամ որևէ մեկ ուրիշը Հայաստանը դեռ չեն դարձրել Ռուսաստանի ծայրամաս: Սա արդեն մեծ ձեռքբերում է: Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իմ ներկայությամբ հայտարարում էր, թե վատագույն դեպքում Հայաստանը կլինի Ռուսաստանի մարզ, ինքն էլ՝ մարզպետ: Այդպիսի մարդը ի՞նչ Հայաստան պետք է կերտեր, Հայաստանը Ռուսաստանին տվողը ի՞նչ ապագա պետք է կերտեր: Մի օրվա մեջ քաղաքակիրթ աշխարհից հրաժարվողը և ռուսական իմպերիալիզմին նվիրվողը ի՞նչ Հայաստան պետք է կերտի: Սա մեր տխուր կողմն է, իսկ առողջ կողմն այն է, որ դեռ հույս կա»,- լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Շարունակելով խոսքը՝ Պ. Հայրիկյանն ասաց, որ հույս կա, քանի որ իր կողքին այսօր կանգնած են իսկական նվիրյալներ. «Իսկ իրենք վերից վար վախեցած են: Կանգնում, ասում են, թե Հայրիկյանը մենակ է հացադուլի դուրս գալիս: Բա դու ո՞ւր էիր, կամ քո հայրն ու պապն ո՞ւր էին, որ Հայրիկյանը հացադուլ էր անում՝ ընդդեմ կայսրության: 4 անգամ դատում էին, ասում էի էլի դատեք: Ասեմ ավելին՝ ես հետևորդներ ունեմ: Իմ տասը հետևորդներն ավելին արժեն»:
Անդրադառնալով Շոտլանդիայի հանրաքվեին՝ Հայրիկյանը նշեց, որ այն շատ կարևոր քայլ էր, սակայն շոտլանդացիները դա չեն կարևորում:
«Անկախությունը դա ազգի լավագույն ձևով իրեն դրսևորելու կացության ձև է և կարևոր քայլ: Աշխարհում չկա մի մարդ, ով չուզենա անկախություն: Դրան ձգտում են այն ազգերը, որոնց իրավունքները ոտնահարված են: Իսկ Շոտլանդիան մաս է կազմում մի երկրի, որտեղ քաղաքակրթությունն ուղղակի փայլում է: Շոտլանդիան Հայաստանի պես միատարր չէ, որը չի պայքարում ինչ-որ բռնապետության դեմ: Անկախանալով նրանց կյանքում էական ոչինչ չէր փոխվելու: Շոտլանդիան քաղաքական այլընտրանքի առջև կանգնած չէր, ինչպես մենք, նա շատ հարցերում արդեն անկախ է: Այսինքն՝ աշխարհի հետ նա հարցեր չունի, ուստի անկախության պահանջ էլ չունի: Սեպտամբերի 21-ը Հայաստանի համար ինքնորոշման օր էր: Ինքնորոշում նշանակում է, ոչ թե անկախություն, այլ՝ տվյալ համագործակցության մեջ քո գոյության շարունակություն»,- հավելեց նա:
Նախորդող հրապարակում՝Հայրիկյանը նեղսրտած է, միջոցառումներին իրեն հրավիրել են, ընկերներին՝ ոչ