20/09/2014 11:00
Ոստիկանը չի խոչընդոտել շտապօգնության մեքենային. Պարզաբանում
2014 թ. սեպտեմբերի 4-ի «Ա1+» լրատվական կայքում տեղադրվել է «Նախագահական շարասյան պատճառով հիվանդը մնացել է ճանապարհին» վերնագրով տեսանյութ, որում մեղադրանք է հնչեցվում, թե ծանր հիվանդ տեղափոխող «շտապօգնության» մեքենան երկար ժամանակ ստիպված է եղել սպասել, մինչև նախագահի շարասյունը կանցնի խաչմերուկի տարածքով:
Ըստ լրագրողի՝ ճանապարհը չի բացվել նույնիսկ հիվանդին ուղեկցող հարազատի և իր հորդորներից հետո:
Ոստիկանությունից պարզաբանում են, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 18.08.2006 թ. «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և Էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 1467-Ն որոշման և ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, ինչպես նաև՝ կազմակերպվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարժման երթուղով ընթացող տրանսպորտը հանելու հարցը:
Տեսանյութում հնչած լրագրողի հորդորն իրականում ուղղված է տեսանյութում պատկերված 1057 կողային համարի ավտոմոբիլով ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններին, բայց նրանք ծառայություն էին կատարում ոչ թե Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում, որտեղ, ըստ տեսանյութի, կանգնած էր «շտապօգնության» մեքենան, այլ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում:
Ուսումնասիրվել են նաև Արգիշտի փողոցում գտնվող տեսախցիկների տեսանյութերը: Պարզվել է, որ 02.09.2014 թ. ժամը 15:37:02-ին Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններն Արգիշտի փողոցի երթևեկությունը դադարեցրել են միայն այն ժամանակ, երբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները մոտեցել էին խաչմերուկին:
Իսկ ժամը 15:37:28-ին, շարասյան անցնելուց անմիջապես հետո, երթևեկությունը վերսկսվել է: Մինչ այդ, ինչպես երևում է տեսանյութից, ճանապարհային ոստիկանը, լսելով «շտապօգնության» մեքենայի ազդանշանը, անձնական պատասխանատվությամբ, բացում է ճանապարհը, և բավականաչափ մեքենաներ հասցնում են անցնել: Բայց քանի որ մինչև 100 կմ/ժ արագությամբ ընթացող հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներն արդեն ընդհուպ մոտեցել էին խաչմերուկին, ճանապարհային ոստիկանը ստիպված կրկին փակում է ճանապարհը:
Երթևեկության արգելումից հետո «շտապօգնության» մեքենան, որը խաչմերուկից հաշված չորրորդն էր, փաստորեն կանգնում է ընդամենը 26 վայրկյան: Հիվանդի հարազատն այդ ընթացքում, ինչպես պարզ երևում է տեսանյութից, չի հասցնում անգամ վազել խաչմերուկի սկզբնամաս:
Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ խաչմերուկում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ, քանի որ բխել են տվյալ պահին ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթուղին ընտրվում է նախապես, ուստի այդ ընթացքում ֆիզիկապես հնարավոր չէր նոր երթուղով երթեւեկել կամ փոխել շարժման ուղղությունը: