20/09/2014 16:56
Մայիսյան գյուղում բացվեց սահմանին զոհված Սարգիս Մովսիսյանի անվան դասարան
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկն այսուհետ կոչվելու է այս տարվա օգոստոսին հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված ու մեկ օր անց հոսպիտալում մահացած Սարգիս Մովսիսյանին անունով: Մայիսյանը Սարգիսի հայրենի գյուղն է: Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում հիշում է, որ գյուղը դեռ ազատամարտի տարիներին է ակտիվ մասնակցել սահմանների պաշտպանությանը.
«Պիտի ասեմ, որ մեր գյուղի տղաներն «Արաբո» ջոկատի կազմում 1992թ.-ի հունիսի 30-ին Լենինաբադ գյուղի շրջանում անհայտ կորել են: Երեք երիտասարդ էին: 1993-94թթ.-ին մեր գյուղից ևս երկու տղա զոհվեց, իսկ 1994թ.-ին` ևս մեկը: Դեռ այն ժամանակ որոշվեց, որ դպրոցում այս վեց տղաների անվան դասարաններ պիտի ունենանք ունենք»,- պատմում է Իշխան Պետրոսյանն` ավելացնելով, որ տարիներ անց` 2008թ.-ին, դպրոցի աշակերտների և գյուղապետարանի նախաձեռնությամբ գյուղի Մշակույթի տան բակում բացվում է ազատամարտի տարիներին զոհված ու անհայտ կորած մայիսյանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան.
«Նույն տարում էր` մեր դպրոցի աշակերտները որոշեցին այդ հուշարձանի շրջակայքում այգի ստեղծել: Ծառեր տնկեցին, մշակեցին ու հիմա այնտեղ այնպիսի մի այգի է, որ անգամ հուշարձանը չի երևում»,- պատմում է Իշխան Պետրոսյանն ու վերդառնալով Սարգիս Մովսիսյանին՝ ընդգծում, որ նա այս պատմության կրողն էր:
Սարգիս Մովսիսյանը փոքրիկ տարիքում
«Սարգիս Մովսիսյանը դպրոց ընդունեց 2000թ.-ին: 2010թ.-ից սկսեց սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո` 2012թ.-ին, զորակոչվել է բանակ: Հիշում եմ` ավարտել էր արդեն, մի տարի անց եկավ մեզ մոտ: Դե սովորելու ընթացքում աշակերտի նման էի իրեն նայում ու այդքան ուշադիր չէի,իսկ արդեն մեկ տարի անց ես տեսա որ ֆիզիկապես մի առնական տղամարդ էր դարձել: Ասեցի` «Սարգիս ջան, ինչպե՞ս»: Ասեց` «Ընկեր Պետրոսյան, ամեն բան լավ է: Ապագա զինվորն այնպես պետք է լինի, ինչպես որ ես եմ պատրաստվել» »,- ասում է Մայիսյանի դպրոցի տնօրենն ու ավելացնում` Սարգիս Մովսիսյանը երկու առանձնահատուկ հատկանիշ ուներ.
«Դրանով իրեն բոլորը միշտ կհիշեն: Անկախ իրավիճակներից ինքը միշտ ժպտում էր ու երկու թշիկներն այդ ընթացքում կարմրում էին: Ես իրեն պատմություն եմ դասավանդել: Հիշում եմ` ինչքան էլ առիթ է եղել, որ պետք է իր վրա զայրանամ` միշտ չէր ստացվում: Կանգնեցրել եմ ու այդ պահին, երբ այդ թշիկները կարմրել են, էլ զայրանալ չեմ կարողացել»:
Տնօրենի խոսքով` Սարգիս Մովսիսյանի անվան դասարանը դպրոցին ու դպրոցի աշակերտներին կտա պատմություն:
«Այսպես ասած, էստաֆետան կփոխանցի հաջորդ դասարաններին: Դա կտա շարունակություն: Վերջերս որոշվեց, որ հանրապետության դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ պիտի տարվեն: Ուզում եմ ասել, որ մեզ մոտ այդ աշխատանքները վաղուց են տարվում: Ու գիտեք, այ հենց հիմա էլ մեր հուշարձանի մոտ եղած այգում Սարգիսի ձեռքով տնկած ծառերը կան, որ բերքի տակ կռացած են, բայց ոչ մեկս չենք քաղում: Չենք քաղում, որովհետև դա Սաքոյի բաժինն է»,- ամփոփում է դպրոցի տնօրենը:
Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել է այս տարվա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը` Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս: Մեկ օր անց` օգոստոսի 3-ին, կրտսեր սերժանտը մահացել է Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» ՀՀ և ԼՂՀ մեդալներով: