20/09/2014 10:25
Շիրինյանը՝ Ուորլիքին. «Ինչու ԱՄՆ-ը չի ճանաչում Արցախի անկախությունը»
Հայաստանը պետք է միշտ պատերազմի պատրաստվի: Թող ասածս տարօրինակ չթվա, բայց դա այդպես է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ուորլիքի հայտարարությանը` նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ Արցախի հարցը խաղաղ լուծում չունի: «Այլ կերպ չի էլ լինլու: Թուրքական հարաբերությունները երբեք հայկական սեղանի շուրջ չեն լուծվի, իսկ խորհրդակցությունները չեն վերջացել: Սա պետք է նկատի ունենալ և նախահարձակ լինել»,- նշեց նա՝ շարունակելով, թե Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի և սպասի, թե թուրքն իր վրա ինչպես է հարձակվում: «Ես միշտ ասել եմ ու ասում եմ՝ մեր բանակը կարող է Ադրբեջանի մատը կտրել և հարցը ցանկացած ձևով լուծել: Հայաստանում քաղաքական գործընթացները մի տեսակ սառել են, մինչդեռ պետք է առաջ շարժվել: Աշխարհից շատ ենք հետ մնում, շատ»,- հավելեց նա:
Անդրադառնալով ամերիկացի համանախագահի հայտարարությանը՝ քաղաքագետը նկատեց, որ Ջ. Ուորլիքը անընդհատ խաղաղությունից է խոսում: «Եթե դիվանագետը խոսում է խաղաղությունից, նշանակում է պատերազմ է հրահրում: Ուորլիքի փորացավը պատերազմն է: Նրանք ուզում են Արցախի հարցը տաքացնել, քանի որ Ռուսաստանը զբաղված է այլ հարցով: Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ խոսում ես խաղաղությունից, նախապատրաստում ես ցեղասպանություն: Ուզում եմ հիմա էլ նրան հարցնել՝ ի՞նչն է ԱՄՆ-ին խանգարում, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Արցախի անկախությունը»,- հետաքրքրվեց Շիրինյանը՝ հավելելով, որ ստատուս քվոյի սառեցված վիճակը ձեռնտու է միայն ու միայն ԱՄՆ-ին:
«Դե թող նախկինում ասեին, որ ուզում են խաղաղությունը վերջնականապես հաստատվի: ԱՄՆ-ը պարզապես ուզում է Ռուսաստանին մեկուսացնել, բայց Ռուսաստանին մեկուսացնելը այդքան էլ հեշտ չէ: Ռուսը սապոգով գալիս է, ով տակը մնաց՝ մնաց: Իրենց մշակույթն է այդպիսին: Եթե այս վերջին պատժամիջոցներն էլ արդյունք չտվեցին, ԱՄՆ-ը կանցնի գործնական մասին: Իսկ գործնական մասը հենց Արցախն է, որ կա»,- նկատեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վստահեցնում է, թե Արցախի հարցը լուծում չունի, բայց իրականում դա այդպես չէ: «Ինչո՞ւ չունի, կամ ո՞վ ասաց՝ լուծում չունի: Ճանաչեք Արցախը և ամեն ինչ վերջացավ գնաց: Օրինակ Աբխազիան: Նա թքած ունի ուրիշների վրա: Ռուսաստանը ճանաչել է, ընդունել է և երաշխիքն էլ տվել է»,- նկատեց նա:
Հարցին, թե Ուորլիքը խոսում է «պատուհանի» մասին, ըստ ձեզ՝ ո՞րն է այդ պատուհանը, քաղաքագետը պատասխանեց, որ ոչ մի պատուհան էլ չկա: «Ուորլիքին հարցրեք, թե որ պատուհանի մասին է ասում: Ուզում եմ հասկանալ, թե Ուորլիքին ի՞նչն է անհանգստացնում: Միացյալ Նահանգաների նման ազատասեր պետություն երևի աշխարհի երեսին չկա: Կրկնում եմ՝ ի՞նչն է խանգարում նրան, որ ճանաչի Արցախի անկախությունը: Եթե դա չի անում, ուրեմն պատերազմ է հրահրում: Իսկ Արցախի հարցը հիմա տաքացնելը նշանակում է Ռուսաստանի հետ հաշիվները մաքրել: Իսկ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Ռուսաստանը պարտավորություն ունի մեր հանդեպ, մենք էլ՝ Ռուսաստանի»,- ասաց նա:
Իսկ Միացյալ Նահանգնե՞րը…
«ԱՄՆ-ը թիկունք է կանգնել թուրք ու թաթարին, իսկ դա նշանակում է, որ սատարում է քրիստոնյա աշխարհի ոչնչացմանը: Կրկնում եմ. ի՞նչը ԱՄՆ-ին դուր չի գալիս: Մեր բնակը լավ տեղը տեղի ջարդեց: Դուրները չի գալի՞ս,- հարցնում է քաղաքագետը և շարունակում Հայաստանը պատրաստ չէ այլևս օտարի համար մեռնել: Մենք շատ գիտակից ենք: Մեզ հետ են Վուդրո Վիլսոնի բարոյական արժեքները: Մինչդեռ ամերիկացիները ուրիշի հետ են, ուրիշների արժեքներով: Ինչ լինի-չլինի՝ Հայաստանի ժողովուրդը այլևս տառապանքների ճանապարհով չպետք է գնա»,- ասաց նա: