20/09/2014 11:37
Բաքվում տեղի կունենա TANAP գազամուղի հիմնարկեքի արարողությունը
Այսօր Բաքվում տեղի կունենա «Հարավային գազային միջանցքի»(TANAP) հիմնարկեքի արարողությունը:
Vesti.az-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
TANAP-ը ենթադրում է գազի արտահանում «Շահ Դենիզ» գազային հանքավայրից դեպի Թուրքիա, այնուհետև՝ ԵՄ:
Աբդուլաևը նշել է, որ Թուրքիայում 2015թ.-ին տեղի կունենան TANAP-ի թուրքական հատվածի հիմնարկեքը:
Հիշեցնենք, որ 2013 թ.-ի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել շահագործման հանձնել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որտեղից գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքներով պետք է արտահանվի եվրոպական շուկաներ:
Ադրբեջանական այդ հանքավայրից գազը Հարավկովկասյան գազամուղի ընդլայնման և TANAP ու TAP նոր գազամուղերի կառուցման շնորհիվ պետք է դիվերսիֆիկացնի ԵՄ-ի էներգետիկ հոսքերը և նվազեցնի ռուսական գազից Բրյուսելի կախվածությունը:
TAP-ի միջոցով հնարավոր կլինի արտահանել 10-20 միլիարդ խմ գազ, իսկ մինչև այդ գազամուղը, որը գտնվելու է թուրք-հունական սահմանին, կառուցվելու է TANAP գազամուղը:
Արևմուտք-Ռուսաստան «սառը պատերազմի» պայմաններում, եվրոպական երկրները ամեն կերպ ցանկանում են նվազեցնել իրենց էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, դրանով ցանկանալով նվազեցնել նաև ռուսական բյուջեի մուտքերը՝ էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտների կրճատման տեսքով:
Եվրոպական խորհրդարանում քննարկվում է ԵՄ-ի անդամ-երկրների և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը դադարեցնելու հարցը և Բրյուսելը կոչ է անելու եվրոպացիներին չեղյալ համարել «Հարավային հոսք» գազամուղի կառուցումը:
«Հարավային հոսքը» «Գազպրոմի» նախագիծն է, որ ենթադրում է Սև ծովի հատակով անցնող գազամուղի կառուցում մինչև Հարավային և Կենտրոնական Եվրոպա: Հարավային հոսքը պետք է տարեկան 63 միլիարդ խմ գազ մատակարարի ԵՄ-ին: Պետք է նշել, որ Մոսկվան ձեռնարկել է այս նախագիծը տարանցման հետ կապված խնդիրներ չունենալու համար: