21/09/2014 18:07
Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրվեց. Սա իմ հաղթանակների շարունակությունն է
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Նախագահի նստավայրում այսօր պարգևների արժանացան նաև ըմբշամարտիկներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:
Արթուր Ալեքսանյանը նշեց, որ այս պարգևատրումն անակնկալ էր: Իսկ Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառմանը մեծ ուրախությամբ է մասնակցում:
«Սա իմ հաղթանակների շարունակությունն է: Նման պարգևները ևս մեկ անգամ պարտավորեցնում են մեզ: Շատ հաճելի է, որ մեզ գնահատում են»,- ասաց հունահռոմեական ոճի ըմշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Այսօր մեզ հետ են նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը և ում պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ»:
Նախորդող հրապարակումներ՝ Արսեն Ջուլֆալակյանն Աշխարհի չեմպիոն է
Արթուր Ալեքսանյանը` աշխարհի չեմպիոն (Տեսանյութ)
Նման մարդկանց օրինակի վրա հենվելո՛վ է ամրապնդվում մեր հավատը երկրի նկատմամբ