21/09/2014 18:48
Երգիչ Անդրեին Վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Երգիչ Անդրեն արժանացավ երկրի Նախագահի պարգևին. Նա ստացավ վաստակավոր արտիստի կոչում.
«Շատ հուզված ու զգացված եմ: Այս մրցանակը շատ անսպասելի էր ինձ համար: Ես ոչ միայն Հայասանում եմ աշխատել, այլև՝ Արցախում: Սա իմ 20 տարիների աշխատանքի արդյունքն է: Ինձ համար ևս անակնկալ էր: Առավոտյան զանգահարեցին, և ասացին, որ ներկայանամ»,- պատմեց Անդրեն:
Նշենք, որ մշակույթի ոլորտում Նախագահի պարգևների արժանացան մի շարք այլ գործիչներ՝ այդ թվում Անուշ և Ինգա Արշակյանները:
Նախագահի կողմից պարգևատրվել է նաև դերասանուհի Էվելինա Շահիրյանը, ով լրագրողների հետ զրույցում շնորհավորեց Անկախության տոնի կապակցությամբ և ընդգծեց, որ այսօր բոլորի տոնն է:
«Երջանիկ եմ, որ հենց այս օրն եմ պարգևատրվում «Մովսես Խորենացի» մեդալով: Ուրախ եմ, որ ապրում եմ անկախ Հայաստանում: Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր այսօր արժանացան պարգևների: Շնորհակալ եմ բոլորին, հատկապես երկրի Նախագահին, ինչպես նաև՝ մշակույթի նախարարությանը»,- ասաց դերասանուհին:
Նախորդող հրապարակում՝ Նման մարդկանց օրինակի վրա հենվելո՛վ է ամրապնդվում մեր հավատը երկրի նկատմամբ