22/09/2014 12:07
Անկախության տոնի միջոցառմանը ներկա էին նաև ոչ իշխանական ուժերը
Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված տոնական միջոցառմանը ոչ իշխանական խորհրդարանական ուժերից միայն ՀԱԿ-ն էր, որ չէր ընդունել հրավերը:
Միջոցառմանը ներկա էին թե՛ ԲՀԿ, թե՛ «Ժառնգության», թե՛ ՀՅԴ խմբակցությունների կարկառուն ներկայացուցիչները: Մասնակցում էին՝ «Ժառանգություն» խմբակցությունից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Գուրգեն Արսենյանը, իսկ ՀՅԴ-ն ներկայացել էր ողջ հմայքով՝ Աղվան Վարդանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Հրանտ Մարգարյան և այլք:
Հատկանշականն այն էր, որ բոլորը խուսափում էին լրագրողների հետ զրույցից, հատկապես ՀՅԴ ներկայացուցիչները, ովքեր կտրուկ հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին:
Արմեն Ռուստամյանը, ի պատասխան լրագրողի հարցի, թե իրենց ներկայությունը իշխանության կազմակերպած միջոցառմանը, ավելի չի՞ խորացնի ՀՅԴ-ի նկատմամբ մեղադրանքները ոչ իշխանական քառյակի հետ անհամաձայնություններ ունենալուց հետո՝ կապված հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքի հետ, սկզբում հրաժարվեց պատասխանել, այնուհետև ասաց. «23 տարի մենք այստեղ ներկա ենք եղել: Միայն երեք տարի ներկա չենք եղել, այն էլ` նստած ենք եղել»,- ասաց նա: