22/09/2014 17:32
Դավիթ Խաչատրյանը պատրաստ է կրել ցանկացած պատիժ, միայն թե իր արածի համար
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանը պատրաստ է կրել ցանկացած պատիժ, միայն թե իրեն դատեն իր արածի համար։ Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ասաց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ինքը Լ. Ստեփանյանին միայն վախեցնելու նպատակ է ունեցել և չի մտածել, որ կկրակի:
Դավիթը ասաց, որ զենքը իջեցրել է այն լիցքաթափելու նպատակով, քանի որ մի քանի րոպեից պետք է իր հրամանատարը գար և նրա աչքի առաջ ինքը պետք է լիցքաթափեր ինքնաձիգը, որը պետք է դատարկ լիներ։
Դատավորի հարցին, թե այդ ամենը հնարավո՞ր չէր անել առանց զենքը լիցքավորելու, Դ. Խաչատրյանը պատասխանեց, որ «ուղղակի վախեցնելու համար է լիցքավորել»:
Մեղադրյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ դատարանի կողմից չի տեսնում օբյեկտիվ հարցեր, ինչին ի պատասխան դատավորը ասաց, որ փորձում է հոգեբանորեն հասկանալ Դավիթ Խաչատրյանին:
Դատախազը իր խոսքում ասաց, որ անհիմն են առաջին ատյանի դատավճիռը բեկանելու համար բերված պատճառաբանությունները, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի և գլխավոր դատախազի հայտարարությունները չէին կարող ազդեցություն ունենալ դատավորի վրա:
Նախորդող հրապարակում՝ «Դավիթը կրակելուց հետո լացում էր ու, ձեռքերը ծնկներին խփում՝ էս ի՞նչ արեցի»