22/09/2014 15:22
«Սա ոչ միայն հայկական, այլև՝ համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է»
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ:
Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ ից հայտնում են, որ հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
Նախորդող հրապարակում՝ ԻԼԻՊ-ի հովանավորների մի մասը նստում են Անկարայում. ՍԴՀԿ