22/09/2014 16:08
Իգիթյան. ԵՏՄ-ին անդամակցության որոշմամբ լուծվե՞ց ԼՂՀ-ի անվտանգության հարցը
Այս իրավիճակում, երբ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, և մյուս երկրները փորձում են տարանջատվել Ռուսաստանից, Հայաստանն առանց որևէ վերապահման գնում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին այսօր «Եվրասիական տնտեսական միություն. ինչ կստանա և ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Հայաստանի և Արցախի սահմանին մաքսակետ լինելու հարցի մեջ կա տրամաբանություն, սակայն այն ընդունելի չէ և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանն անհնար է:
Անդրադառնալով Ն. Նազարբաևի այն հայտարարությանը, թե իրենք դուրս կգան ԵՏՄ-ից, եթե այն իրենց շահերին դեմ լինի, Հովհ. Իգիթյանն ասաց, որ սրանով վերջինս ցույց է տվել, որ Ղազախստան անհանգստացած է այդ պատժամիջոցների՝ իրենց վրա անդրադառնալու հեռանկարով։
Հովհ. Իգիթյանը ասաց նաև, որ ՀՀ իշխանությունները պետք է պատասխանեն այն հարցին, թե ի՞նչ անդրադարձներ կարող են ունենալ այդ պատժամիջոցները Հայաստանի վրա, ու Համաշխարհային բանկի և եվրոպական երկների հետ Հայաստանի կնքած պայմանագրերը ինչ ընթացք կստանան դրանից հետո:
«Արցախը մեր գլխավոր հարցն է, և մենք արդեն բավականին զիջումների ենք գնացել: Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին անդամակցության որոշմամբ լուծե՞ց ԼՂՀ-ի անվտանգության հարցը, թե՞ այն դարձավ Ռուսաստանի հարց»,-ասաց Հ. Իգիթյանը: