22/09/2014 15:15
ՀՀԿ պատգամավորը՝ Արամ Ա-ի հայտարարության մասին. Մի քիչ ուշացած որոշում էր
Սա մի քիչ ուշացած որոշում է, բայց լավ է ուշ, քան՝ երբեք: Այսպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը բնորոշեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի այն հայտարարությանը, ըստ որի ինքը պատրաստվում է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսարանը և Կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով:
«Միաշամանակ մենք պետք է ունենանք անհրաժեշտ փաստաթղթային բազա՝ այս կամ այն դատարանում հայցեր ներկայացնելու համար: Բացի այդ, քանի որ խոսքը գնում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի մասին, լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ: Այս դեպքում կարևորը նախադեպն է »,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ասուլիսի մյուս բանախոս «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ևս ընդգծեց, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ սա ավելի շատ քաղաքական մարտավարություն է:
«Այն իմաստով, որ որ բոլոր կնճռոտ հարցերին գումարվի ևս մեկը, որն ունի փաստաթղթային ու իրավական բազա: Միևնույն ժամանակ, խոսքը գնում է Թուրքիայի ներսում որոշակի ազատ և անկախ գործող եկեղեցու սեփականության իրավունքը վերականգնման մասին ու սա պետք չէ կապել Ցեղասպանության ճանաչման հետ»,- ընդգծեց նա: