22/09/2014 16:31
«Դավիթը կրակելուց հետո լացում էր ու, ձեռքերը ծնկներին խփում՝ էս ի՞նչ արեցի»
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից ներկայացված բողոքի լսումը:
Փաստաբանն ասաց, որ եթե Դ. Խաչատրյանը սպանելու դիտավորություն ունենար, ապա կրակելուց հետո չէր մոտենա Լյուքս Ստեփանյանին և տեսներ, թե ինչ է եղել և ականատես վկաներից մեկն իր ցուցմունքում նշել է, որ Դավիթը կրակելուց հետո լացում էր ու, ձեռքերը ծնկներին խփելով, ասում էր՝ էս ի՞նչ արեցի:
«Լ. Ստեփանյանը այդ իրադրությունը լուրջ չի համարել և շարունակել է իր կատակը, իսկ Դ. Խաչատրյանը, ով փաստորեն առանձնակի ծանր հանցագործության նախապատրաստվող անձ է եղել, նույնիսկ կանոնակարգը չի ցանկացել խախտել և իր համար սահմանված գծից գոնե մեկ քայլ առաջ չի գնացել Լյուքս Ստեփանյանի հայհոյանքներից հետո»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ականատես վկաներից մեկի ցուցմունքով՝ մինչև վերջ էլ որևէ մեկը լրջություն չի տվել այս իրավիճակին և թե Դավիթի, թե Լյուքսի դեմքին մինչև վերջ ժպիտ է եղել, իսկ հայհոյանքները ուղղված չեն եղել որևէ մեկի հարազատներին:
Նրա խոսքով՝ դատարանում Դավիթ Խաչատրյանի արարքը սխալ գնահատականի է արժանացել, թեև գործում առկա են ցուցմունքներ և հանգամանքներ, որոնք վկայում են, որ Դավիթը սպանելու դիտավորություն չի ունեցել, օրինակ այն, որ Դավիթ Խաչատրյանը և Լյուքս Ստեփանյանը ընկերական հարաբերությունների մեջ են եղել, իսկ գնդակը առաջինը խոցել է Հրաչյայի գլուխը, այնուհետև մահացու վիրավորել Լյուքս Ստեփանյանին:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը։
Նախորդող հրապարակում՝ Լ. Ստեփանյանի գործով վիրավորված զինվորի հայր. Հրաչյան որոշ բաներ է հիշել