22/09/2014 15:44
Էդվարդ Միլիտոնյան. Մենք պետք է հստակեցնենք` ինչ ենք պահանջում Թուրքիայից
Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելուց առաջ պետք է իրավագիտական աշխատանք կատարել, քանի որ դատարկ ձեռքերով դատարան մտնել հնարավոր չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությանը, ըստ որի նա պատրաստվում է դիմել դատարան՝ Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով:
Ռուբեն Բաբայանը ողջունում է նման հարցերն իրավական դաշտ բերելու փորձերը, միևնույն ժամանակ հարց հնչեցնելով. «Ինչքանո՞վ ենք մենք պատրաստ բոլոր հարցերը լուծել իրավական դաշտում»:
Հարցին, թե արդյոք այս քայլն ուշացած չէ, Ռուբեն Բաբայանն ասաց, որ 20-30 տարի առաջ նման հարցով Թուրքիայի դատարան դիմելն ուղղակի անարձագանք կմնար, մինչդեռ այսօր կա նաև Եվրոպական դատարանը:
Գրող Արտեմ Հարությունյանը համակարծիք չէ, ըստ նրա, հարցերն իրավական դաշտում լուծելու որոշումը շատ է ուշացել:
«Պետք է մեր ձևակերպումների մեջ հստակ լինենք: Կարծում եմ` դեռ տարիներ են պետք, որ Թուրքիան զիջումների գնա, քանի որ, մեր տարածքները վերադարձնելուն զուգահեռ, պետք է նաև Ցեղասպանությունն ընդունի»,- ասաց նա:
Ըստ Հարությունյանի, զարմանալի չէ, որ եկեղեցական տարածքների վերադարձի պահանջը Սփյուռքից է գալիս. «Սփյուռքը մինչև հիմա մխում է, շատերի ցավը դեռ տաք է»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի բնորոշմամբ էլ, այս տարբերակը հարցի լուծման միակ ճանապարհն է. «Մենք պետք է հստակեցնենք` ինչ ենք պահանջում, քանի որ միայն հող պահանջելը շատ պարզունակ կլիներ»:
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարել էր նաև, որ եթե Թուրքիայի ՍԴ-ն մերժի հայցը, ապա այն կուղղվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: