22/09/2014 16:45
Փաշինյանի առաջարկը՝ արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Այսօր ԱԺ Տարածքային ինքնակառավարման և տեղական կառավարման մշտական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների վերաբերյալ» օրենքի նախագիծը:
Նշենք, որ այս օրինագծով պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ սահմանել սահմանում բնակվող գյուղացիների համար:
Նիստի քննարկման ժամանակ Ն. Փաշինյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ ամառվա ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ սահմանամերձ գյուղերում կան համայնքներ, որոնք ավելի խոցելի են:
«Դրանց թվում են նաև այն համայնքները, որոնք գտնվում են ադրբեջանական ԶՈՒ ուղիղ նշանառության ներքո: Ամառվա իրադարձությունների ժամանակ պարզ դարձավ, որ այստեղ կա պետական քաղաքականությունը որոշակիորեն ճշգրտելու և այդ համայնքների բնակիչներին քաղաքացիական հավաստիացումներ տալու առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես հասարակություն, որպես պետություն, կանգնած են այդ համայնքների և այդ բնակիչների կողքին, նրանց թիկունքին»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ հենց այդ պատճառով էլ ինքը նախաձեռնել է այս ծրագիրը, որի շրջանակներում դուրս են բերվել և ձևավորվել առավել խոցելի համայնքները:
Ըստ Փաշինյանի` սույն օրենքով նախատեսվում է այդ համայնքների բնակիչներին տալ որոշակի արտոնություններ, իսկ երկրորդ հոդվածով` նախատեսվում է սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած գազի, էլեկտրաէներեգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50%-ը փոխհատուցել պետական բյուջեի միջոցներով:
«Փոխհատուցման կարգը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը»,- նշեց Փաշինյանը` շեշտելով նաև, որ սույն նախագծով նախատեսվող եղել են նաև քննարկումներ՝ սահմանապահ բնակիչների գույքի և հողի հարկի հետ կապված:
«Այս նախագծով, սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողերի և անշարժ գույքի գույքահարկից: Այսինքն`այդ հարկերը ոչ թե չեն հավաքվելու կամ չեն գոյանալու, այլ` դրանք նույնպես պետք է փոխհատուցվեն պետբյուջեի միջոցներով: Առաջարկվում է նաև կրկնապատկել պետբյուջեից հատկացվող դոտացիաները 100 %-ի չափով, ինչպես նաև բնակարաններով ապահովել այն բնակիչներին, ովքեր իրենց տները կորցրել են ադրբեջանական ԶՈՒ կողմից արձակած կրակոցների հետևանքով: Պետք է նաև նույնքան չափով օգնություն տրամադրել համայնքի բնակիչների առողջապահական կարիրքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: Էլի մի քանի այդպիսի կետեր են նախատեսված, որոնք շատ կարևոր են»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանի խոսքով` այս գաղափարն առաջացել է հենց այն ժամանակ, երբ իրենք այդ օրերին մեկնել էին սահման: «Այս գաղափարներն ու առաջարկները քննարկվել ու առաջարկվել են հենց այդ համայնքների և գյուղերի բնակիչների կողմից: Մենք եղել ենք տեղանքում և ծանոթանացել առավել սուր և խոցելի խնդիրների հետ: Այս նախագծին համահեղինակ են նաև այդ համայնքների բնակիչները: Նրանք դեպքեր հիշեցին, երբ բնակիչներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է և հարազատները ստիպված են եղել դիմել տարբեր մարդկանց, պաշտոնյաների և բարեգործական կազմակերպությունների, որպեսզի կարողնան հոգալ բուժման ծախսերը: Կարծում ենք, որ սա անտրամաբանական վիճակ է: Եվ այս օրենքով նախատեսվում են դրույթներ, որպեսզի նման դեպքերում սահմանամերձ բնակիչները ստիպված չլինի դիմել նման ծայրահեղ քայլերի»,- ասաց նա:
Խոսելով կոնկրետ գումարաների մասին՝ պատգամավորը նշեց, որ մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է մոտավորապես 2-3 մլդ դրամ:
Փաշինյանը խիստ կարևորում է հատկապես այն, որ այս նախագիծը մտնի ԱԺ մեծ նսաշրջանի օրակարգ: Նրա խոսքով` քննարկվել են բոլոր առաջարկները, հաշվի են առնվել բոլոր դիտողություններն ու քննարկվող առաջակները:
Ն. Փաշինյանը նկատեց, որ թե ԱԺ-ում, և թե Կառավարությունում խնդիրը ոչ պաշտոնապես քննարկվել է այս հարցը և այս պահին կա եզրակացություն:
Նա նշեց, որ Կառավարությունը ողջունել է այդ նախագիծը և կա առաջարկ` հեղինակին առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից: Սակայն, ըստ Փաշինյանի, սա այն կարևոր ու հրատապ խնդրին է, որն անհապաղ լուծում է պահանջում:
«Սեպտեմբրի 3-ին ձևավորվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի այս խնդրով, իսկ քաղաքական ուժերը արդեն հանդես են եկել առաջարկով: Ողջունում եմ Կառավարության այդ մոտեցումը, բայց այս պահի դրությամբ դեռևս չկա որևէ այլ առաջարկ: Շատ ուրախ կլինեմ, որ այս խնդիրը լուծող ավելի լավ առաջարկ լինի և դրվի շրջանառության մեջ: Կիսում եմ նաև Կառավարության մտահոգությունը, որ պետք է լինեն նաև այլ առաջարկներ: Կարծում եմ, որ սա այն հրատապ հարցերից է, որ պետք է լուծում ստանա: Շուտով կքննարկվի նաև ԱԺ բյուջեի քննարկումները և լավ կլինի, որ այս հարցը ևս ընդգրվի այդ օրակարգում, որպեսզի հնարավորություն ունենաք այդ ծախսերը ևս ընդգրկել»,-ասաց նա: