22/09/2014 17:50
Փաշինյանը մեկնաբանում է, թե ինչու մերժեցին իր առաջարկած օրենքի նախագիծը
«Անտրամաբանական է, որ արդեն գոյություն ունեցող նախագծի քննարկումը և որոշումը հետաձգվի հանուն գոյություն չունեցող մի նախագծի: Հայտնի իրադարձություններից հետո բավականին ժամանակ է անցել և այս ընթացքում խոսվել է, որ սահմանապահ համայնքների խնդիրը պետք է լուծվի: Հարցն այն է, որ այս պահի դրությամբ գոյություն չունի որևէ այլ նախագիծ, բայց սա չեն ընդունում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Տարածքային ինքնակառավարման և տեղական կառավարման մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների վերաբերյալ» օրենքի նախագիծը, որը սակայն, չընդգրկվեց քառօրյա:
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ կարևորը ոչ թե քաղաքական հայտարարություններն են, այլ՝ ռեալ նախագծերի կյանքի կոչումը:
Նրա խոսքով, երբ երբ կլինի քաղաքական ավելի լայն քննարկումներ և համաձայնություն ունեցող նախագիծ, ինքն այս նախագծից կհրաժարվի, բայց այս պահին չի հրաժարվում:
«Քվերակությունից առաջ էլ այդ պայմանն ուժի մեջ էր: Այսօրվա քննարկումը ևս մեկ անգամ փաստեց այն, որ սահմանապահ համայնքներում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, և դրանք պետք է լուծվեն ոչ թե մարզպետարանների մակարդակով, այլ պետական: Հիմա էլ կան ինչ-որ արտոնություններ, բայց դրանք բավարար չեն»,-ասաց նա` ընդգծելով, որ եթե պետք է բնակչին օգնություն կամ աջակցություն ցուցաբերվի, դա պետք է ամրագրված լինի նաև օրենքով:
Հարցին, թե հնարավոր համարում է՝ առաջիկայում այլ քաղաքական ուժերի կողմից լինի նման օրինագծի այլ առաջարկ` Ն. Փաշինյանը պատասխանեց, որ թեև չկա նման առաջարկ, բայց ինքն անձամբ ուրախ կլինի, որ այդպիսի առաջարկ կամ նախագիծ լինի: «Ես ամիսներ շարունակ միայն դա եմ ասում, բայց դեռևս չկա նման առաջարկ: Եթե այն անգամ լինի այլ քաղաքական ուժերի կողմից, ես միայն ուրախ կլինեմ»,- ասաց նա:
Դիտարկմանը` տպավորություն կար, որ այս առաջարկն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր առաջարկել, դրա համար դրական եզրակացություն չտրվեց, Ն. Փաշինյանը նշեց.
«Հանձնաժողովը պատճառաբանություններ բերեց, թե հետաձգվում է այն քննարկելու համար, սակայն ես հարց տվեցի, որ եթե այս հարցը ընդգրվի քառօրյայում, ինչով կխանգարի քննարկումներին, հարցիս պատասխան ստացա, որ ոչ մի բանով: Ես հավելյալ մեկնաբանություններ այս պահին չեմ ուզում տալ: Դատեք` ինքներդ: Ես ձեռնպահ կմնամ որևէ քաղաքական գանահատական տալուց: Օրակարգում ընդգրկվել-չընդգրկվելու հարցը կքննարկվի լիագումար նիստի ժամանակ: Անկախ ամեն ինչից, ես բոլոր քննարկումներին մասնակցելու եմ: Խնդիրը օրենքի ճակատագիրը չէ, այլ`սահմանապահ գյուղերը, որի հարցը հրատապ լուծման անհրաժեշտություն ունի: Ես կարծում եմ, որ սա մինիմումն է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանապահ գյուղերի համար անել»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Սահմանամերձ գյուղերի աջակցության նախագծին կողմ քվեարկեց միայն Ն. Փաշինյանը