22/09/2014 17:03
Սահմանամերձ գյուղերի աջակցության նախագծին կողմ քվեարկեց միայն Ն. Փաշինյանը
ԱԺ Տարածքային ինքնակառավարման և տեղական կառավարման մշտական հանձնաժողովի նիստում քիչ առաջ քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների վերաբերյալ» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն առաջարկեց քվեարկությունը մի քանի օրով հետաձգել և այն քննարկել նաև մյուս քաղաքական ուժերի հետ, սակայն պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց:
Նա նշեց, որ ինքն անձամբ կհանդիպի մյուս քաղաքական ուժերի հետ և ևս մեկ անգամ կլսի նրանց առաջարկները: «Վստահ եմ, որ մյուս ուժերը, ինչպես նաև Կառավարությունը ևս մտահոգված են սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդրիներով: Հետևաբար` նախագծի քվեարկության հետաձգման անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ այս նախագիծը հակասում է մի շարք օրենքների, ուստի լայն քննարկման անհրաժեշտություն կա: «Լավ կլիներ, որ այդ նախագիծը ներկայացվեր փաթեթով»,-ասաց նա` նշելով, որ քվերակության վերաբերյալ որոշում կայացնելու համար պետք է այդ հարցը առանձին քննարկել նաև հանձնաժողովի մյուս անդամների հետ:
Հանձնաժողովի անդամներ, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը ևս առաջարկեցին քվերակությունը հետաձգել:
Վաչե Տերտերյանը նշեց, որ նախորդ տարի Կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի, սահմանամերձ գյուղերի բնակիչները արդեն ոռոգման ջուրը և հողի հարկը վճարում են 50 % զեղչով:
Հայտարարվեց ընդմիջում, որից հետո նախագիծը դրվեց քվերակության, որի ժամանակ կողմ քվերակեց միայն պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ հանձնաժողովի մյուս 5 անդամները քվերակեցին ձեռնպահ:
Այսպիսով՝ Ն. Փաշինյանի առաջարկած օրինագիծը քառօրյա չի ընդգրկվի: