22/09/2014 16:57
Պետրոս Մակեյան. Քառյակը վերահսկվում է Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի կողմից
Ոչ իշխանական խորհրդարանական քառյակը վերահսկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Պետք է հիշենք, որ քառյակի մաս կազմող ԲՀԿ-ն ծնունդ է առել Ռոբերտ Քոչարյանից: Դրան զուգահեռ ԲՀԿ-ին սպասարկում է ՀԱԿԿ-ն: Երևում է, որ արդեն «Ժառանգությունն» էլ է մտել Քոչարյանի հովանու տակ: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այն, լինելով 100 տարվա կուսակցություն, այսօր կույս աղջկա պահվածք է ընդունել ու որոշել է խաղեր տալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց Պետրոս Մակեյանն՝ ընդգծելով, որ այս երկու մարդիկ անբաժան են.
«Հասկանալի է, որ նրանք պայքարում են ոչ թե համակարգը փոխելու, այլ՝ իշխանության համար»,- ընդգծեց նա:
Պետրոս Մակեյանի կարծիքով՝ իշխանությունն այսօր իր կուսակցությունների միջոցով ամեն բան անում է, որպեսզի իրական ընդդիմադիր դաշտում գործընթացներ չլինեն:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը նշեց, որ ինքը չի մասնակցելու հոկտեմբերին կայանալիք եռյակի հանրահավաքին.
«Միաժամանակ կուսակցության մյուս անդամներն ազատ են որոշում կայացնելու հարցում»,- ասաց Պետրոս Մակեյանը: