22/09/2014 12:42
ԻԼԻՊ-ի հովանավորների մի մասը նստում են Անկարայում. ՍԴՀԿ
ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը տարածել է հաղորդագրություն, որով անդրադարձ է կատարվում նախօրեին Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը:
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ այսպես կոչված Իրաքի և Լևանտի «Իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը ականապատել և պայթեցրել է Դէյր Զօրում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այն, որ այս խմբավորման ահաբեկիչներն աչքի ընկել և ընկնում են իրենց վայրագ բարբարոսություններով, նորություն չէ քաղաքակիրթ աշխարհի համար:
Շատ ավելի զարհուրելի է, որ բարբարոսների գործողությունները հովանավորվում են այնպիսի երկրների կողմից, ովքեր իրենց հայտարարել են ժողովրդավար աշխարհի մի մաս:
Այլևս գաղտնիք չէ, որ ԻԼԻՊ-ի հովանավորների մի ստվար մասը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ամենևին գաղտնիք չէ, որ ծայրահեղական ահաբեկիչները ստանում են բազմապիսի օգնություն Թուրքիայի քաղաքական վերնախավից, որոնց մեջ առանձնանում է իր համակրանքով դեպի ԻԼԻՊ-ը Թուրքիո տխրահռչակ նախագահ Էրդողանը:
Ստացվում է, որ Թուրքիան, շարունակելով 20-րդ դարի սկզբի իր հակամարդկային արարքները, այժմ էլ ֆինանսավորում է մի այնպիսի կազմակերպության, որի խղճին է ծանրացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը, հայկական, արաբական և ասորական սրբությունների ոչնչացումը:
Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է վերջ դնել այս վայրագություններին՝ պատժելով ահաբեկիչներին և նրանց հովանավորողներին»,- ասված է ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին