22/09/2014 20:36
Բնապահպան. 20 մլն դրամը տրամադրեք կենդանաբանության ինստիտուտին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադարձավ օրերս կառավարության` 200 գայլի դիմաց 20 մլն դրամ տրամադրելու որոշմանը՝ կոչ անելով հետ կանչել որոշումը, իսկ գումարը տրամադրել կենդանաբանության ինստիտուտին:
Ըստ նրա՝ գիտական տվյալներ չկան, թե որքան է Հայաստանում գայլերի թվաքանակը, իսկ 20 մլն դրամով կարելի է նման հետազոտություն անցկանցել: Մոտ 500 գայլերի թվաքանակի վերաբերյալ Բնապահպանության նախարարության տեղեկությունը, ըստ նրա, հին է` առնվազն 15 տարվա:
Ս. Ադամյանն անդրադարձավ նաև գայլերի կողմից բնակավայերի վրա հարձակվելու դեպքերին, նշեց, որ անտառներում գիշատիչների կերը պակասել է, որն էլ պատճառ է դառնում բնակավայրերի վրա գայլերի հարձակումներին:
Բնապահպանը շեշտեց, որ նաև պետք է հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է 200 գայլ ոչնչացնել և որտեղ: Նա, սակայն, համոզված է, որ նման գործելակերպը իրավիճակը չի փոխի. «Որքան շատ են գայլ որսում, այնքան արագ են նրանք բազմանում»: