22/09/2014 10:36
«Օժիտ» խանութների ցանցի տիրուհու սպանության գործով ձերբակալվել է նրա թոռը
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստի առթիվ սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Կենտրոնականի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սիլվա Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի 1 շենքի թիվ 55 բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Սեպտեմբերի 20-ին Սիլվա Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ա. Մոմջյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գալստյանը Երևանում հայտնի «Օժիտ» խանութների ցանցի և ևս մի քանի հանրաճանաչ առևտրային ընկերությունների տնօրենն էր:
Նրան սպանելու, այնուհետ դին այրելու կասկածանքով ձերբակալվել է Ս. Գալստյանի թոռը՝ Երևան քաղաքի Րաֆֆի փողոցի 32/21 հասցեի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Մոմջյանը, ով, ըստ նախաքննական մարմնի ստացած օպերատիվ տվյալների, տևական ժամանակ բնակվել է Ձորաղբյուր գյուղի տատին պատկանող ամառանոցում: Թոռը հակումներ է ունեցել բուքմեյքերական գրասենյակներ այցելելու, որտեղ խոշոր չափի գումար է տանուլ տվել, և նրա հայրը նույնպես իմացել է այդ մասին: Սեպտեմբերի 15-ին սպանվածն ու սպանության կասկածանքով ձերբակալվածը եղել են առանձնատանը, իսկ հետո այցելել են Երևան՝ գործարար Ս. Գալստյանի ավտոմեքենայով: Հաջորդ օրը Ս. Գալստյանի հարազատներն այցելել են բնակարան, որտեղ նրան չեն հայտնաբերել և սկսել են անհանգստանալ ու որոնել նրան, սակայն արդյունքները չեն գոհացրել, և նրանք ստիպված դիմել են ոստիկանություն: Ի դեպ, ըստ տեղեկությունների, տնից բացակայել է Ս. Գալստյանի ոսկեղենը, որը եղել է մոտ 30,000 ԱՄՆ դոլար արժողության, իսկ ննջասենյակում քրեագետը հայտնաբերել է արյան հետքեր: