22/09/2014 14:12
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ 2 քրեական գործ է հարուցվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ 2 քրեական գործ է հարուցվել: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Քաղաքագետը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս գործերից մեկով իր մեղքը ընդունում է մասնակի, իսկ մյուս գործով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Գործերով քննությունը կսկսվի և ես դռնբաց դատական նիստում կապացուցեմ, որ այս գործերը պետք է քննվեին քաղաքացիաիրավական դաշտում: Խարդախության մեղադրանքով (հեղ.- Անուշ Աղաջանյանի, Ազգանուշ Մուշեղյանի, Հայկազ Մարտիրոսյանի և Նարեկ Մանուկյանի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ գումար հափշտակելու մեղադրանքը) գործով ես իմ մեղքը ընդունում եմ մասնակի, սակայն այդ դեպքը անփութության հետևանք է»,-ասաց Ս. Սուրենյանցը՝ նշելով, որ բոլոր մնացած հարցերի պատասխանը կտրվի դատարանում:
Օգոստոսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ստացված քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Ս. Սուրենյանցը մեղադրվում է այն բանի համար, որ խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականցնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարզիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարման առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարևելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Սուրենյանցը խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնիրդներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Սուրիկ Սուրենյանցը զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավարությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 1-ին Մասի և 178 Հոդվածի 2-րդ Մասի 2-րդ Կետի հատկանիշներով:
Սեպտեմբերի 5-ին Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված քրեական գործի համաձայն՝ Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ տիրացել է «Նարեկ Հարությունյան» Ա/Ձ-ի զգալի չափի՝ ընդհանուր 215.955 ՀՀ դրամի գույքին:
Ս. Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 1-ին Մասի հատկանիշներով: Երկու գործերով էլ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: