23/09/2014 11:48
Արամ Ա-ն խստորեն դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված եկեղեցու, կից գործող թանգարանի ու համալիրի պայթեցումը ծրագրավորված ոճիր էր: Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման վերաբերյալ այսպիսի դիրքորոշում է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը՝ խստորեն դատապարտելով Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Այս մասին տեղեկանում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
«Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը բարբարոսական արարք է: Այդ ոճիրի հետևում կանգնածները թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը` որպես Հայոց ցեղասպանության նահատակների սրբավայր, հնարավոր չէ ոչնչացնել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից»,-ասել է Արամ Ա-ն:
Նորին Սրբությունը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսի հետ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Դեր Զորի եկեղեցու պայթեցմանը:
Վեհափառ Հայրապետը պետական, քաղաքական և կրոնական պատասխանատուներին կոչ է արել խստորեն դատապարտել այդ հանցագործությունը և ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա օտար շրջանակների ուշադրությունը: